ՄամուլՏեսանյութ

Եթե մենք «Իսկանդերով» խփեինք ադրբեջանական որոշ թիրախների՝ Նախիջևանից խփելու էին Երևանին

Եթե մենք «Իսկանդերով» խփեինք ադրբեջանական որոշ թիրախների՝ Նախիջևանից խփելու էին Երևանին

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը:

– Հարգելի՛ Մելքոնյան, վերջին օրերին ավելացել են քննադատությունները պատերազմի վերաբերյալ և բանակի հասցեին: Ի՞նչ է տեղի ունենում, մտածե՞լ եք:

– Հիմնականում քննադատությունները իշխանական թևին են վերաբերում, որ պատերազմը տանուլ են տվել, բայց ոչ ոք հետ չի նայում, այդ պարտությունը հենց նո՞ր եղավ, այդ պարտությունը շատ խորն արմատներ ունի: Պարտության հիմնական պատճառը արդիական զենքերով չզինվելն էր: 94թ. մենք հաղթեցինք ու ձեռքներս ծալած նստեցինք: Եթե մենք հողերը պետք է տայինք, ուրեմն այդ ընթացքում պետք է լուծեինք Ղարաբաղի հարցը: Երբ Լևոն Տեր-Պետրոսյանը ներկայացրեց առաջարկված փաթեթը, որով 5 շրջան պետք է տայինք, ոտքի կանգնեցին «ոչմիթիզհողական»-ները՝ հիմնականում արցախյան թևը:

– Բայց հետո եկող նախագահներն ասում են՝ մենք պատրաստ ենք եղել հողերը հանձնելու:

– Դե իրենց նպատակը իշխանության գալն էր: Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից առաջ, երբ որ վարչապետ նշանակվեց Ռոբերտ Քոչարյանը, այդ ժամանակ էր դրված խնդիրը, որ Քոչարյանը Արցախի հարցը լուծի, որ իրենք գան իրենց ձեռքով իրենց երկրի հարցը լուծեն: Կարո՞ղ է այդ ժամանակ Հայաստանը վարչապետացու չուներ, շատ ունեինք, բայց նա այդ պայմանով նշանակվեց, որ Հայաստանի ու Արցախի ժողովրդի մեջ խնդիրներ չառաջանան, և որ իրենք այդ հարցը կարողանան լուծել:

Ձևավորվեց մի շարժում ընդդեմ Տեր-Պետրոսյանի, որ դավաճան է Լևոն Տեր-Պետրոսյանը, հող է ուզում տալ, և նա հրաժարական տվեց: Ռոբերտ Քոչարյանը դարձավ երկրի նախագահ, իր պաշտոնավարման 10 տարիներին ոչ մի քայլ չեղավ Ղարաբաղի հարցի լուծման ուղղությամբ: Հողերի զիջում էլ չեղավ: Ամբողջ աշխարհը մեզ ստիպում էր այդ հարցը լուծել, նույնիսկ մինչև վերջերս Լավրովի պլանով՝ 5+2, Կազանում էլ պայմանավորվածություն ունեցան, որ 7 շրջանը կտանք: Այսինքն՝ այ այդտեղից է սկսվել մեր պարտությունը: Եթե մենք հող չէինք տալու, ուրեմն մենք պետք է մեր բանակն այնպես հզորացնեինք, որ ոչ մի բանակ ռիսկ չաներ հարձակվել մեր երկրի վրա:

– Հարգելի՛ գեներալ, ամբողջ խնդիրն այն է, որ ովքեր մեր բանակը ժամանակին պետք է պատրաստեին, հենց նրանք էլ այսօր ասում են, որ մեր բանակը պատրաստ չէր այս պատերազմին:

– Իրենք նաև ասում են, որ իրենք պատրաստ էին այդ շրջանները տալուն: Եթե իրենք հողերն ուզում էին տալ, պետք է արդեն այդ հարցերը քաղաքական ճանապարհով լուծած լինեին, այսինքն՝ 5 շրջան տալ, հետո 2-ը, և նախապայման կար՝ Ղարաբաղի անկախությունը ճանաչելու կամ չճանաչելու, այլ հետո հանրաքվե անելու, բայց չարվեց ոչ մի բան:

gagik melqonyan

– Դուք եղել եք մարտի դաշտում, մենք պատրա՞ստ էինք այս պատերազմին:

– Ո՛չ, մենք պատրաստ չէինք պատերազմին, բայց մենք չէինք սկսել: Մենք պատրա՞ստ էինք ինքնապաշտպանության, ո՛չ, պատրաստ չէինք… Ադրբեջանը 2014-15 թվականներից պատրաստ էր հարձակման: Մեր հրամանատարներն էլ ասում էին՝ դե թող փորձեն հարձակվել: Բայց տեսանք, որ իրենք լայնամասշտաբ պատերազմ սկսեցին:

– Երրորդ նախագահը հիշել է, որ 2018-20թթ. ծրագրված է եղել պետբյուջեի հատկացումներով հարձակողական ԱԹՍ-ներ գնել: Գերագույն շտաբի պետն էլ նշել էր, որ չի եղել այնպիսի երկիր, որից պետք է գնում կատարեին: Անհասկանալի է՝ ով ում է մեղադրում: Դուք ժամանակին զբաղվել եք, չէ՞, մատակարարումներով:

– Այո՛, ժամանակին ես եղել եմ թիկունքի գծով տեղեկալը, մենք ձեռք ենք բերել մեր անձեռնմխելի պաշարները, ամբողջ ՄՈԲ ռեզերվն էլ հետը մենք կարող էինք 3 ամիս առանց որևէ մեկի օգնության մեր բանակը պահել, սննդի, վառելիքի և համազգեստի պաշարներ շատ էինք ստեղծել, իսկ սպառազինության մասին չգիտեմ՝ ինչ ծրագրեր են եղել: 2016թ. ապրիլյան դեպքերի ժամանակ արդեն ԱԹՍ-ները, «Սմերչ»-ների հեռահար հրթիռները ցույց տվեցին, թե ինչի են ընդունակ:

Եվ զարմանում եմ, որ երրորդ նախագահն ասում է, որ մենք Ապրիլյանում հաղթեցինք, որ Ալիևը գնաց Մոսկվա խնդրեց դադարեցնել: Մենք չէինք հարձակվել, ի՞նչը պետք է դադարեցնեինք, մեր տարածքները գրավել էին, մենք հարյուրից ավելի զոհեր ունեինք, ամբողջ առաջին գիծը ավերված էր, այնքան էին ռմբակոծել, այդտեղ հաղթանակը ո՞րն է, ես չեմ հասկանում: Դո՛ւք վազելով գնացիք Մոսկվա, խնդրեցիք, որ դադարեցնեն, դադարեցրին:

– Ասում են՝ դրա դիմաց խոստում են տվել:

– Դա միայն գիտի երրորդ նախագահը, թե ինչ խոստում է տվել, որ դադարեցրել են: Ամեն մեկը ենթադրություններ է անում: Բայց ես համոզված եմ, որ եթե չլինեին խոստումներ, այդ ժամանակ էլ կշարունակվեր պատերազմը, ինչպես որ եղավ հիմա:

– Գեներա՛լ, ասում են՝ բարձրաստիճան զինվորականների վրա ճնշումներ են եղել պատերազմի օրերին, որ չենթարկվեն վարչապետի հրամաններին: Լսե՞լ եք այդպիսի բան:

– Ուղղակի լսել եմ, բայց չեմ կարծում, ո՞վ պիտի ճնշում գործադրեր: Այնտեղ այնքան խառն էր վիճակը, որ չեմ կարծում, թե ինչ-որ հրաման չպիտի կատարեին: Ամբողջ բանակը՝ գլխավոր շտաբի պետից սկսած բոլորը խառնված էին այդ ամեն ինչի մեջ ու նույնիսկ չգիտեին՝ ինչ է կատարվում առաջին գծում, առաջին գծում այնպիսի խուճապ էր սկսվել, որ ոչ ոք գլուխ չէր հանում: Երրորդ նախագահը, երբ որ պաշտպանության նախարար էր, լավ նախարար էր, կարողացել է գումարներ բերել և բանակին ծառայեցնել, բայց երբ որ դարձավ նախագահ, արդեն այդ պրոցեսները դանդաղեցին, այդ ժամանակ էլ նա պետք է պրոցեսներն իր բուռը վերցներ և զիներ բանակն ու ուժեղացներ:

– Երրորդ նախագահն ասում է՝ պատերազմի երրորդ-չորրորդ օրը պետք է «Իսկանդեր» օգտագործվեր:

– Ինչի՞ համար օգտագործվեր, եթե մենք «Իսկանդերով» խփեինք ադրբեջանական որոշ թիրախների, որ ասում են այնտեղ նավթամուղ կա, այս կա, այն կա, եթե մենք խփեինք 10-20 հատ, իրենք 200 հատ հրթիռ կուղարկեին Երևանի վրա, իրենք լավ էլ զինված էին, ամեն ինչի պատրաստ էին: Ի՞նչ է, ուզում են Երևանն էլ ավերեի՞ն: Իրենք Ղարաբաղից պրծան, հիմա էլ Հայաստանի վրա են սկսել խաղալ, հիմա էլ Հայաստանն են ուզում փուռը տա՞լ: Հիմա մեր երկիրը պետք է դառնա միասնական: Պարտվել ենք, հասկացանք, բայց պարտվել են բոլոր նախագահները:

Առավել մանրամասն՝ 1in.am-ի տեսանյութում

Կիսվել նյութով