ՄամուլՏեսանյութ

Արցախում հրաժարվում են թանկարժեք ծառայողական մեքենաներից

Արցախում հրաժարվում են թանկարժեք ծառայողական մեքենաներից

Արցախի կառավարությունն աճուրդի է հանել բարձր դասի պետական ծառայողական 9 ավտոմեքենա: 44-օրյա պատերազմից հետո պետք է գնալ օպտիմալացման՝ որոշումն Արցախի նախագահն ընդունել էր հունվարին:

Արտակ Բեգլարյան, Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար – Այս պահին՝ առաջին փուլում, մենք որոշել ենք ամենաթանկարժեք մեքենաները վաճառել՝ առաջին հերթին խուսափելու համար լրացուցիչ ճոխություններից: Եթե հնարավոր է ավելի մատչելի և ավելի համեստ մեքենաներով նույն գործառույթները կատարել, պետք է այդպես անել:

Առաջին մեքենան Արտակ Բեգլարյանի ծառայողականն է: Որպես թափանցիկության լավագույն միջոց՝ օտարման եղանակ է ընտրվել դասական աճուրդը: Մեքենաները գնահատվել են շուկայական գնահատման մեթոդով՝ կառավարության գործող որոշման համաձայն: Աճուրդը տեղի կուենա մարտի 5-ին:

Գագիկ Իսրայելյան, Արցախի պետական գույքի կառավարման վարչության պետ – Սրանք, հիմնականում, 2011-2018 թվականի արտադրության մեքենաներ են: Գները տատանվում են 11 միլիոն 700 հազար դրամից մինչև 25 միլիոն 200 հազար դրամ:

artsakh

Ավտոմեքենաների մեկնարկային գների ընդհանուր արժեքը մոտ 150 միլիոն դրամ է: Գործադիրն այն կուղղի սոցիալական ոլորտին: Ի դեպ, աճուրդի են հանվում նաև Ազգային ժողովի նախագահին և գլխավոր դատախազին սպասարկող մեքենաները:

Արտակ Բեգլարյան – Այս բոլոր պաշտոնատար անձինք օգտվելու են իրենց աշխատակազմերին կցված մեքենաներից, այդ թվում՝ ես, որպեսզի չստացվի, որ մեկ մեքենա սպասարկում է միայն մեկ պաշտոնատար անձի, այլ ավելի ճկուն լինի, և մի քանի պաշտոնատար անձ կարողանան համատեղության կարգով օգտվել մեկ մեքենայից:

Օպիտմալացման երկրորդ փուլում Արցախի կառավարությունը կվերանայի պետական ծառայողական մեքենա ունենալու չափանիշները: Չի բացառվում, որ խրախուսեն անձնական ավտոմեքենան օգտագործելու մշակույթը:

Կիսվել էջում