Մամուլ

Ատոմակայանի աշխատանքը կանգնեցվեց

Ատոմակայանի աշխատանքը կանգնեցվեց

Մայիսի 15-ին Հայկական ԱԷԿ-ում մեկնարկել է առանցքային պլանային-նախազգուշացնող վերանորոգումը (ՊՆՎ-2021)՝ կայանի արդիականացման և շահագորժման ժամկետի երկարաձգման նախագծի շրջանակում։ Սա ամենաերկարատև ՊՆՎ-ն է՝ նախագծի մեկնարկից ի վեր։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայկական ԱԷԿ-ը:

«Հայկական ԱԷԿ-ը կկանգնեցվի 141 օրով՝ սա ամենաերկարատև ՊՆՎ է նախագծի մեկնարկից ի վեր։ Նման երկար դադարը պայմանավորված է Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի արդիականացման ուղղությամբ իրականացվող կարևոր եզրափակիչ աշխատանքներով։

ԱԷԿ-ում իրականացվող միջոցառումները միտված են դրա արդյունավետության և հուսալիության բարձրացմանը։

«Ուզում եմ ընդգծել, որ անցյալ տարին նվիրված էր ՊՆՎ-2021 շրջանակում նորոգման աշխատանքների նախապատրաստմանը․ անցկացվել են անհրաժեշտ բոլոր ստուգումները, մատակարարվել են սարքավորումները, իրականացվել են ռեակտորի ակտիվ գոտու վթարային հովացման համակարգի արդիականացման և ռեակտորի իրանի վերականգնողական թրծաթողման նախապատրաստական աշխատանքները։

Հիմնական բոլոր միջոցառումները ֆիզիկապես կիրականացվեն ՊՆՎ-2021-ի ընթացքում՝ մինչև 2021-ի հոկտեմբեր նեռարյալ», – ասաց Հայկական ԱԷԿ-ի գլխավոր ինժեներ Արթուր Գրիգորյանը։

ատոմակայան

Այս տարի լրանում է Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի աշխատանքի մեկնարկի 45-ամյակը՝ 45 տարի առաջ այն միացել է էներգահամակարգին։ Խորհրդանշական է, որ այժմ, արդիականացումից հետո, կվերականգնվեն ռեակտորի իրանի ֆիզիկա-մեխանիկական հատկությունները և այն հնարավոր կլինի շահագործել 2026 թվականից հետո՝ առնվազն մինչև 2036 թվականը։

«Այս առանցքային դադարը կլինի որոշիչ Հայկական ԱԷԿ-ի աշխատանքի համար։ Աշխատանքներն իրականացնելու նպատակով կայան է ժամանել ռուսաստանցի 120 մասնագետ։

Այս տարվա ընթացքում, նորոգման ժամանակահատվածում, Ռուսաստանից կներգրավվի շուրջ 350 ատոմագործ։ Սա Հայաստանի ատոմային էներգետիկայի զարգացման կարևոր փուլ է, և մենք ուրախ ենք մասնակցել այս իրադարձությանը և օգնել մեր ընկերներին կերտել Հայաստանի ատոմային ոլորտի պատմությունը», – ասաց Յուրի Սվիրիդենկոն՝ հայկական ԱԷԿ-ի շահագորժման ժամկետի երկարացման նախագծի ղեկավարը ռուսական կողմից»,-ասված է հաղորդագրության մեջ:

Արդիականացման պայմանագրի շրջնակում աշխատանքների կազմակերպումն իրականացնում է «Ռոսատոմ» Պետլորպորացիայի էլեկտաէներգետիկ դիվիզիոնի մեջ մտնող «Ռուսատոմ Սերվիս» ընկերությունը։

Կիսվել նյութով