Մամուլ

«Ասում եք, որ պարտված ղեկավարը պետք է գնա՝ բերեք այդպիսի մի օրինակ, որ գնացել է». Դանիել Իոաննիսյան

«Ասում եք, որ պարտված ղեկավարը պետք է գնա՝ բերեք այդպիսի մի օրինակ, որ գնացել է». Դանիել Իոաննիսյան

Կարծում եմ՝ ցանկացած ընտրված ղեկավար պետք է հրաժարական տա այն դեպքում, երբ իր հրաժարականը պահանջում է լայն հանրությունը։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 16-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը՝ պատասխանելով հարցին, թե պատերազմում պարտված ղեկավարը պե՞տք է հրաժարական տա, թե՞ ոչ։

Նման խոսքով վարչապետի հրաժարականի հանրային լայն պահանջը կարող է ունենալ տարբեր դրսեւորումներ: Լավագույն դրսեւորումը նորմալ ընտրություններն են: Երբ որ չեն լինում նորմալ ընտրություններ, պահանջի դրեւսորման ձեւերը կարող են լինել այլ, օրինակ փողոց փակելը: Հանրային լայն պահանջ կարող է լինել հանրքավեն, նաեւ եթե հավաքվի շատ մեծ հանրահավաք, ասենք Հանրապետության հրապարակն ամբողջությամբ լցվի:

Պարտված, հաղթած, դրանք բոլորը գնահատողական բաներ են: Այո, մենք պատերազմը պարտվել ենք, եթե հանրությունը, ժողովրդի լայն շրջանակները  պահանջեն վարչապետի հրաժարականը, ապա ես՝ որպես քաղհասարակության ներկայացուցիչ, կգնամ ու կկանգնեմ ժողովրդի կողքին»,- ասաց նա:

Իոաննիսյանի խոսքով՝ ժողովրդի լայն շրջանակներն են ընտրել վարչապետին, հետևաբար՝ նրանք էլ կարող են նրա հրաժարականը պահանջել. «Դուք ժողովրդավարությունից լավ մեխանիզմ գիտե՞ք։ ՀՀ-ում տարբեր տվյալներով կա 2,5-3 մլն բնակչություն, ամենամեծ հանրահավաքը, որն այս պահին մենք տեսել ենք՝ ունեցել է 7400 մասնակից՝ դա հաստատ ժողովրդի լայն շրջանակ չէ։

Հանրահավաքի մասնակիցների քանակը մենք հաշվում ենք 2018 թվականի հունվարից սկսած, այն ժամանակ կարծեմ «Ելք»-ի հանրահավաքն էր՝ գների թանկացման հետ կապված: Մեթոդաբանությունը հետևյալն է՝ բացի մեծ հանրահավաքներից, դրոնով նկարահանվում է, վերցվում է այդ նկարը, և դրա վրա բոլոր մարդիկ հերթով համարակալվում են, և հերթական հմարներով հաշվվում է, կոպիտ ասած, թե քանի գլուխ կա»,- շեշտեց նա:

Դանիել Իոաննիսյանը շարունակեց մանրամասն բացատրել, թե ինչու են հաշվում հանրահավաքի մասնակիցներին՝ դեռ 2017 թվականից ասել են, որ հանրահավաքի մասնակիցների թվի վերաբերյալ պետք է հանրությունը իրական թվեր ստանա, քանի որ մինչ այդ ստանում էր մանիպուլյատիվ թվեր. «Իրազեկ քաղաքացիների միավորման» կայքում դրվում է այդ հաշվարկային ֆայլը, որտեղ բոլոր մարդկանց վրա հերթական համարներ են: Եթե դուք գտնեք գոնե մեկ ցուցարարի, որին մենք չենք հաշվել, ես հրապարակային ներողություն կխնդրեմ»:

Դանիել Իոաննիսյան Նիկոլ Փաշինյան

Հարցին, թե ինչու են հաշվում ցույցերի մասնակիցների թիվը, նա արձագանքեց. «Որովհետեւ միշտ մանիպուլյատիվ թվեր են ներկայացվել հանրությանը: Ես հիշում եմ, որ 2008-ին հայտարարվեց, որ Ազատության հրպարակում 700 հազար մարդ է հավաքվել: Ես տանել չեմ կարողանում, երբ մարդկանց խաբում են, և մենք ՝որպես կազմակերպություն, ունենք առաքելություն մարդկանց ստից պաշտպանելու»:

Հարցին՝ ինչպե՞ս էր համակերպվում, երբ 44 օր իշխանությունը խաբում էր հանրությանը, Դանիել Իոաննիսյաննը պատասխանեց, որ չի համակերպվել, և դրա հետ կապված ունեցել է հրապարակային հայտարարություններ։

«Հրապարակավ ասել եմ, որ խնդրահարույց է գրաքննությունը, ապատեղեկատվությունը, հանրությանը սխալ տեղեկություններ ներկայացնելը։ Նույնը շատ ավելի կոշտ ասել եմ իշխանություններին ոչ հրապարակավ, դե, իշխանության ներկայացուցիչները համարում էին, որ իրենց քաղաքականությունն ավելի ճիշտ էր՝ տեսանք իրենց համարելու արդյունքները, բայց ես դա քննադատել եմ՝ ինչքանով, որ ռազմական դրությունը թույլ էր տալիս: Սրա հետ կապված վերջին գրառումն արել եմ երեկ երեկոյան՝ նշելով, որ դրա մեղավորը Նիկոլ Փաշինյանն է»:

Իոաննիսյանը կրկին անդրադառնալով պնդմանը, որ պարտված ղեկավարը պետք է հեռանա, ասաց. «Ես հիմա չեմ պաշտպանում Նիկոլ Փաշինյանին, համարում եմ, որ իշխանությունը լրջագույն սխալներ է կատարել, որոնք չկատարելու դեպքում մենք կարող է ունենայինք ավելի քիչ կորուստներ։

Բայց դուք ասում եք, որ պարտված ղեկավարը պետք է գնա, բերեք մի այդպիսի օրինակ, որ գնացել է: Ուզում եք՝ ես բերեմ օրինակներ, որ այդպես չի եղել։ Երբ ասում եք՝ նոնսենս է, որ պարտված ղեկավարը մնա, բերեք մի օրինակ, որ պարտված ղեկավարը գնացել է վերջին 50-70 տարում»,- նշեց Դ. Իոաննիսյանը։

Կիսվել էջում