Մամուլ

Այս իշխանություններն իրավունք չունեն բանակի ղեկավարներին մեղադրելու․ այդ իրավունքը պատկանում է մեզ․ Սերժ Սարգսյան

Այս իշխանություններն իրավունք չունեն բանակի ղեկավարներին մեղադրելու․ այդ իրավունքը պատկանում է մեզ․ Սերժ Սարգսյան

Այս մասին իր բացառիկ հարցազրույցում նշել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Այդ փաստաթղթով յոթ շրջան պետք է հանձնվեր, ենթադրենք իրենց մեկնաբանությամբ ոչինչ մենք չէինք ստանա, իսկ հիմա հանձնել ենք երկու անգամ ավելի շատ տարածք, զոհել ենք հինգ հազարից ավելի զինվորների, ջախջախել ենք մեր բանակը, դարձել ենք կապիտուլյացիայի ենթարկված ժողովուրդ ու պետություն:

Կարելի՞ է սրանք իրար հետ համեմատել: Եվ կարո՞ղ եմ արդյոք ես եզրակացնել, որ միայն այն պատճառով, որպեսզի վարկաբեկի նախկիններին կամ նախկին բանակցային պրոցեսը, գնացել են ավանտյուրայի: Իրավունք ունե՞մ այդպես մտածելու:

Ավանտյուրա չի, բա ի՞նչ է: Ի՞նչ է նշանակում՝ բա ես ոնց գնայի խաղաղ լուծման, եթե ինձ զեկուցում են Անվտանգության խորհրդի նիստում, որ մենք «ոչ մի քայլ հետ» սկզբունքով ենք կռվելու:

Բա իր կարծիքով ի՞նչ պետք է ասեին պատասխանատուները: Պետք է ասեին, որ հենց Ադրբեջանը ռազմական գործողություններ սկսի, մենք փախչելո՞ւ ենք: Բա ինքն իրեն համարում է պետության ղեկավար, ինքն իրեն համարում էր գերագույն գլխավոր հրամանատար, բա գերագույն գլխավոր հրամանատարը երկու-երեք կարևորագույն գործառույթներ ունի, որոնցից մեկը իրավիճակը գնահատելն է և որոշում կայացնելը:

Սերժ Սարգսյան Նիկոլ Փաշինյան

Բա բացի բանակի պատասխանատուներից մեր պետությունն ուներ գլխավոր ռազմական տեսչություն, որի ղեկավարը գեներալ գնդապետ է: Այսինքն՝ գեներալ գնդապետ դառնալու համար դու պետք է անցնես հսկայական ճանապարհ:

Այսինքն՝ այդ թվում նաև տեսչության կազմ: Բայց բացի դրանից, նա ուներ նաև ռազմական հակահետախուզություն: Չէ՞ որ մեր պետության Ազգային անվտանգության ծառայությունում կա հատուկ մեծ կառույց, որը զբաղվում է բանակով:

Վերջը կա Ազգային անվտանգության ծառայությունը, որն ունի հետախուզական մեծ ստորաբաժանում: Բա այդ մարդկանց կարծիքներն ինքը հավաքե՞լ էր, այդ մարդկանց կարծիքները բոլորն այդպիսի՞ն էին, որ մենք հաղթելու ենք:

Ես չեմ ուզում արդարացնել բանակի կամ զինված ուժերի ղեկավարներին: Բացարձակապես: Ասածս մի ուրիշ բան է: Որ ինքը, ընդհանրապես, այս իշխանություններն իրավունք չունեն նրանց մեղադրելու: Այդ իրավունքը պատկանում է մեզ` բոլոր նրանց, ովքեր որևէ առնչություն չեն ունեցել այդ որոշումների կայացման գործում:

Այսինքն՝ ի՞նչ է նշանակում այսպես են ասել: Իրեն թվում է, թե Ապրիլյան պատերազմի ժամանակ ինձ ասողներ չեն եղել, որ պետք չէ դադարեցնել, գնանք և այլն. եղել են: Հրապարակային դաշտում էլ կային այդպիսիք:

Այն ժամանակ էլ, հիմա էլ կան: Ես ի նկատի ունեմ ոչ միայն հրապարակային դաշտից: Բա ղեկավարը նրա համար է, որպեսզի ընդունի որոշումներ, որ, ինչպես ասում են, իր վզով է, որ կարողանալու է դա իրականացնել:

– Ինքն իր միտքը շարունակում է ու ասում է, որ ենթադրենք երրորդ կամ չորրորդ օրը ես դադարեցրի, եթե ինձ բանակը, գլխավոր շտաբը զեկուցեին, բա ինձ չէի՞ն ասի դավաճան: Ինքը շարունակում է այդ միտքը` ինձ կմեղադրեին դավաճանության մեջ, ասում է:

– Ես հենց դա եմ ասում, երբ որ ասում եմ` ուզում էին ոչինչ չտալով լուծել Ղարաբաղի խնդիրը, բայց իրենց մոտ ստացվեց հակառակը, հենց դա եմ ասում: Նաև հենց դրա համար են իրենք հրաժարվել այն առաջարկություններից, որ մեզ տալիս էին համանախագահները և որոնց կարելի էր հասնել: Իրենք քողարկված, ինչպես ասեմ,  ոչմիթիզականություն էին խաղում:

–  Այդ դեպքում ինչու՞ էր ասում, որ Ադրբեջանը կառուցողական է, պարո՛ն նախագահ: Ոչ մի կերպ չի բռնում այդ երկու թեզն իրար հետ:

– Իսկ իր ասածներից ո՞ր մեկն է իրար բռնում: Մի բան ասա, որ երեք ամիս առաջ ասել է, հետո մի քանի ամիս անց այլ բան չի ասել, բացի նրանից, որ մեզ մշտապես համարում է, չգիտեմ, կոռուպցիոներներ և այսպես մի քանի օրինակ, ուրիշ իր ասածներից ո՞րն է բան:

Մոռացե՞լ եք, որ այդ մարդն ասում էր, որ Հայաստանում կա երեք միլիոն վարչապետ, ու ընդամենը երկու-երեք շաբաթ հետո կառավարության դռները ծեծում էին այդ վարչապետները, ներս չէին թողնում: Բա մոռացե՞լ եք, որ այդ մարդն ասում էր, որ այս իշխանություններն են մեղավոր, որ Հայաստանում աղքատության տոկոսը բարձր է ու հետո որոշ ժամանակ անց ասում, որ աղքատությունը ձեր գլխում է:

Այսինքն՝ ես կարող եմ հարյուրավոր օրինակներ բերել: Բա ո՞նց կարող է այդ մարդն իր ասածները էդպես հետևողականորեն կատարել է և հիմա էլ ասում է: Բացառված է: Այդպիսի բան չկա: Այս պարագայում չի էլ կարող լինել:

Կիսվել նյութով