Մամուլ

Ալավերդիում 12-րդ դասարանցիների պարզաբանումներն ավարտվել են ծեծկռտուքով և դանակահարությամբ

Ալավերդիում 12-րդ դասարանցիների պարզաբանումներն ավարտվել են ծեծկռտուքով և դանակահարությամբ

Ապրիլի 8-ին, ժամը 23.55-ին, «Ալավերդի» բժշկական կենտրոնից ոստիկանության Թումանյանի բաժին ստացվել էր հաղորդում, որ որովայնի ծակած-պատռած վերքերով բուժօգնության է ընդունվել Դսեղ գյուղի 21-ամյա մի բնակիչ:

Երիտասարդը հայտնել էր, թե վնասվածքն ստացել է ամրանի վրա ընկնելու հետևանքով: Նրա հայտնածը, սակայն, հավատ չներշնչեց ոստիկանության Թումանյանի բաժնից մեկնած օպերատիվ խմբին:

Ձեռնարկվեցին անհրաժեշտ գործողություններ, կազմված փաստաթղթերն ուղարկվեցին Թումանյանի քննչական բաժին, նախաձեռնվեց քրեական վարույթ:

Քրեական վարույթի շրջանակներում Թումանյանի բաժնի քրեական հետախույզներն ու համայնքային ոստիկանները ձեռնարկեցին համատեղ միջոցառումներ, որոնց արդյունքում կարողացան հնարավորինս ամբողջացնել կատարվածի պատկերը:

Ապրիլի 8-ին, ժամը 21-ի սահմաններում, Դսեղ գյուղի հիվանդանոցի մոտ էին հավաքվել տուժած երիտասարդը, 12-րդ դասարանցի եղբայրը և նրա հասակակից ևս երկու պատանի:

Պարզաբանումներն ավարտվել էին ծեծկռտուքով, ինչին հետևել էին ավագ եղբոր հայհոյանքները, և վրդովված պատանիներից մեկը գաղտնի փականով դանակի հարվածներ էր հասցրել հայհոյողին:

Դանակահարողը հայտնաբերվել և ներկայացվել է նախաքննական մարմին, որտեղ ընդունել է մեղքը:

Կատարվում է նախաքննություն:

Կիսվել էջում