«Հայրենիքի պաշտպանությունը դարձել է միայն աղքատների խաչը». Ժիրայր Սեֆիլյան
«Հայրենիքի պաշտպանությունը դարձել է միայն աղքատների խաչը»։ «Սասնա ծռեր» համահայկական շարժման ղեկավար-անդամ Ժիրայր Սեֆիլյանը գրել է.
«Փողով զինվորական ծառայությունից ազատվելու տարբերակների մասին մտածելու փոխարեն հարկավոր է առանց հապաղելու գործել ծառայությունն արդար և հնարավորինս անվտանգ դարձնելու մասին։ Առանց այդ էլ հարուստների տղաները այս կամ այն ձևով խուսափում են ծառայությունից։ Հայրենիքի պաշտպանությունը դարձել է միայն աղքատների խաչը։
Առաջին հերթին անհրաժեշտ է.
1) Առաջնագծից հանել զինակոչի միջոցով պարտադիր ժամկետային զինծառայություն անցնող 18-20 տարեկան երիտասարդներին և առաջնագծի պաշտպանությունը հանձնել Սահմանապահ զորքերին։ Այդ նպատակով ԱԱԾ Սահմանապահ զորքերը փոխանցել Զինված Ուժերին և համալրել բացառապես փորձառու պայմանագրային զինծառայողներով, այդ թվում՝ ներկայիս Ոստիկանության զորքերը կրճատելու միջոցով առաջանալիք կադրային ռեսուրսի հաշվին։
2) Արմատապես վերափոխել զինվորական ծառայության սոցիալական, կենցաղային և բարոյահոգեբանական բովանդակությունը՝ ներկայիս կայսերական-քրեականի փոխարեն հաստատելով ազգայինի վրա հիմնված արդարության և զինական եղբայրության մթնոլորտ, որպեսզի բացառվեն նվաստացումները, սպանություններն ու ինքնասպանությունները։
3) Ժամկետային պարտադիր ծառայության ժամկետը կրճատել նախ մինչև 18 ամիս, ապա՝ հասցնել 12 ամսվա։
Պաշտպանության խնդիրը չի կարելի լուծել 18-20 տարեկաններին մատաղ անելու հաշվին։ Նրանք պետք է ընդամենը մեկ տարի ծառայեն և այդ ժամանակահատվածում միայն մարզվեն, վարժվեն և դառնան պատրաստի մարտիկ։ Ուրիշ ոչինչ։ Առանց նրանց կյանքն ու առողջությունը վտանգելու։
Փոխարենը՝ պետք է զարգացնել պայմանագրային ծառայության համակարգը և Շվեյցարիայի օրինակով ներդնել նաև աշխարհազորային (միլիցիոնային) ծառայության համակարգ՝ ակտիվ պահեստազորի բաղադրիչով։ Այդ դեպքում բոլորը պետք է պարբերաբար մասնակցեն վարժանքների, իսկ ակտիվ պահեստազորը՝ նաև սահմանի պաշտպանության գործընթացին։
Ներկայիս պաշտպանության համակարգն ապազգային է և անբարոյական, ուստի պետք է արմատապես փոխվի։ Հայրերն ու ավագ եղբայրները չեն կարող և իրավունք չունեն մահվան վտանգի ենթարկել իրենց զավակներին ու կրտսեր եղբայրներին, թաքնվել նրանց թիկունքում և պասիվ դիտորդի նման հետևել, թե ինչպես են նրանք նվաստացվում, խեղվում և զոհվում»։