«Մելանյա, բռնի՛ր». Թրամփը Պուտինի նվիրած գնդակը նետել է առաջին տիկնոջը
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն իր ամերիկացի պաշտոնակից Դոնալդ Թրամփի հետ դեմառդեմ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Թրամփին այս տարի Ռուսաստանում կայացած Ֆուտբոլի աշխարհի առաջնության գնդակ է նվիրել:
«Պարո՛ն նախագահ, Ձեզ եմ տալիս այս գնդակը: Գնդակն այժմ Ձեր կիսադաշտում է»,-ասել է Պուտինը:
Թրամփը, ժպիտով վերցնելով գնդակը, ասել է, որ այն կփոխանցի կրտսեր որդուն՝ Բերոնին, որը ֆուտբոլի սիրահար է: «Մելանյա, բռնի՛ր»,-ասել է Թրամփն ու գնդակը նետել առաջին շարքում նստած նրբագեղ առաջին տիկնոջը:
Ինչպես երևում է տեսանյութում, Թրամփը գնդակը ծուռ է նետել, ինչի արդյունքում այն բռնել է պետքարտուղար Մայք Պոմպեոն ու փոխանցել տիկին Թրամփին:
Հետաքրքրական է, որ ԱՄՆ նախագահի կուսակից, կոնգրեսական Լինդսի Գրեհեմը, որն օտարերկրյա կապերի գծով փորձագետ է, նախազգուշացրել է, որ ռուսները կարող էին գնդակի մեջ նախապես գաղտնալսող սարքեր տեղադրած լինել:
Աղբյուր՝ tert.am