Ո՞վ էր մանկատանը ծեծված երեխան, ի՞նչ վիճակում է նա հիմա
Խարբերդի մանկատանը վստահեցնում են, որ այստեղ խնամվող տղային ծեծելու դեպքը, որը հանրային մեծ արձագանք է ստացել, եզակի է և օրինաչափություն չէ։ Դրա օգտին, ըստ մանկատան ղեկավարության, խոսում է այն հանգամանքը, որ տնօրինությունն ինքն է դիմել իրավապահներին, իսկ բռնություն գործադրած դայակն անմիջապես ազատվել է աշխատանքից։
«Եթե բռնության դեպք է արձանագրվել, դա չի նշանակում, որ այստեղ բռնության դեպքեր են լինում։ Տրամագծորեն հակառակն է։ Այստեղ նման դեպքեր չեն լինում, իսկ բացառություններն ուղեկցվում են այսպիսի հետևանքներով՝ օրենքով սահմանված բոլոր կարգերով»,- ասում է Խարբերդի մանկատան տնօրեն Համազասպ Նահապետյանը։
Գործն արդեն դատարանում է, ու դեպքի վերաբերյալ մանրամասներ հայտնելու հարցում մանկատան ղեկավարը կաշկանդված է։ Նա միայն նշում է, որ աշխատակազմի անդամներից են ականատես եղել բռնությանը, իրեն զեկուցել են, և ինքն անհրաժեշտ քայլեր է ձեռնարկել։
Մամուլում հրապարակված տեղեկությունների համաձայն՝ դայակը ծեծել է տեղաշարժման և մտավոր զարգացման առանձնահատկություններ ունեցող տղային՝ նրան հարվածելով հատակը մաքրելու փայտով։ Դայակն այժմ տնային կալանքի տակ է։
Համազասպ Նահապետյանի խոսքով՝ միջադեպի հետևանքով երեխան որևէ արտառոց վնաս չի կրել։
«Առողջական և հոգեբանական առումով ինքը լավ վիճակում է։ Մասնագիտական թիմն աշխատում է նրա հետ, առանձնահատուկ որևէ բան չկա՝ կապված իր ապրումների կամ առողջական ու ֆիզիկական վիճակի հետ»,- նշում է նա։
Պետության նախարարի տեղակալ Լուսինե Քոչարյանն էլ նշում է, որ նման հաստատություններում բռնության դեպքերը հաճախակի չեն լինում։
«Մեզ համար էլ սա հաճախակի հանդիպող դեպք չէ։ Շատ կարևոր է մանկատան ղեկավարության անմիջապես արձագանքելը և իրավապահներին հայտնելը, ինչը մեծ կանխարգելիչ նշանակություն ունի»,- ասում է նա։
Հարցին, թե նախարարությունն ինչ մեխանիզմներ ունի խնամքի հաստատություններում վերահսկողություն իրականացնելու համար, Քոչարյանը նշում է, որ սոցիալական աջակցության մասին օրենքում սոցիալական սպասարկողները ներառվել են որպես առանձին խումբ, և նրանց նկատմամբ սահմանվելու են որոշակի պահանջներ։
Նրա խոսքով՝ օրենքից բխող ենթաօրենսդրական ակտեր են մշակվում։ Դրանց ընդունումից հետո սոցիալական սպասարկում և խնամք իրականացնող անձինք կանցնեն վերապատրաստման դասընթացներ, ապա կստուգվեն նրանց գիտելիքներն ու հմտությունները։ Կրթական ծրագրերում ներառվելու են նաև էթիկական նորմերը։
Խարբերդի մանկատուն մեր այցելության ժամանակ հանդիպեցինք նաև բռնության ենթարկված տղային։ Մտավոր զարգացման առանձնահատկությունների պատճառով նա չէր կարողանում խոսել և միայն հատուկենտ բառեր էր արտաբերում, սակայն նրա մոտ վատ տրամադրություն նկատելի չէր։
Մանկատանը մեկ այլ տղա, անդրադառնալով դեպքին, չէր հավատում տարածվող տեղեկություններին։
«Բայց դա սուտ բան է։ Մեր բոլոր աշխատողները շատ բարի մարդիկ են։ Նաև այն աշխատողը, որը հիմա տանն է, ինքն էլ շատ լավ մարդ է։ Ինքը իմ լավագույն դայակներից է։ Մեր մանկատանը նման բան երբեք չի եղել»,- ասում է նա։
Տղան նաև նշում է, որ իր հիշողությամբ նման դեպք չի եղել ո՛չ իր, ո՛չ էլ ընկերների հետ։
Միաժամանակ, մանկատան տնօրենը չի հերքում տեղի ունեցած բռնության փաստը՝ նշելով, որ դեպքն արձանագրվել է, և դրա վերաբերյալ օրենքով սահմանված կարգով համապատասխան քայլեր են ձեռնարկվել։
Տեսանյութը ստորև․


