Մամուլ

Հովվաշները տիրոջ ներկայությամբ հարձակվել ու գզել են կնոջը. լուսանկարներ 18+

«Հրապարակ»-ի խմբագրությունը ահազանգ է ստացել Նոր Նորքի 5-րդ զանգվածի մի շարք բնակիչներից։

Բնակիչների խոսքով թաղամասի մի մասը սարսափի մեջ է ապրում։ Պատճառը 2 հսկա հովվաշներն են։ Բնակիչներից Ժ․Մ․-ն, ով ցանկացավ անանուն մնալ, մեզ հետ զրույցում հայտնեց, որ հուլիսի 23-ին հերթական հարձակման է ենթարկվել այդ հովվաշների կողմից, ինչի հետևանքով բազմաթիվ մարմնական վնասվածքներով դիմել է բուժօգնության։

«Վնասվածքներ եմ ստացել ձախ կրծքիս ու թևիս շրջանում։ Ոտքիս վերքերը շատ խորն էին, մի քանի օր անցել է շների հարձակումից, բայց դեռ վերքերը չեն սպիացել, իսկ ես չնայած ընդունած հակաբորբոքայիններին, դեռ շարունակում եմ ջերմել»,- պատմեց նա, նշելով, որ շների հարձական ժամանակ նրանց տերը ներկա է եղել և որևէ քայլ չի ձեռնարկել, որ օգնի իրեն ու իր մայրիկին։

Խոսելով դեպքի մանրամասների մասին՝ նա նշեց, որ շների տերը 58-ամյա տղամարդ է, ով երկու հսկա հովվաշներին առանց դնչկալի և կապի թողնում է, որ զբոսնեն․

«Նրանք մի քանի անգամ հարձակվել են իմ ու շներիս վրա, որոնց դրսից եմ որդեգրել։ Մենք ստիպված շատ վաղուց նույնիսկ առանց շների այդ բակով չենք անցնում։ Ու այդ շներին տերը հանգիստ զբոսանքի է հանում առանց կապի ու դնչկալի, որոնք էլ հանգիստ վազվզում են իրենց պահման վայրից հեռու։

Այսինքն էդ ամբողջ բակն իրենց տնօրինության տակ է։ Ամեն անգամ մտածել եմ, որ կհասկանա ու շներին կապած կպահի։ Ի դեպ շատերի վրա են հարձակվել։ Հարձակման գիշեր մայրիկիս հետ երկու շներիս հանել էինք դուրս ու ինչպես միշտ բոլորովին հակառակ ուղղությամբ էինք գնում։

Հեռվից նկատեցինք ինչ որ մեկի սիլուետը ու հասկացանք, որ այդ մարդն է։ Վստահ եմ ինքն էլ մեզ էր տեսել, որովհետև փողոցի լույսերը վառ էին։ Շներին չտեսանք, բայց շրջվեցինք, որ ետ դառնանք։

Մի քանի վայրկյան անց, չգիտեմ էլ թե որտեղից այդ երկու հովվաշները հարձակվեցին մեր վրա։ Շներիս կապը բաց թողեցի, որպեսզի փախչեն։ Մի շունս հասցրեց փախչել, իսկ մյուսը, որ տարիքով շատ մեծ է ու չափսերով փոքր՝ չհասցրեց։ Վրա տվեցին ու գլորեցին գետնին։

Սարսափը մի կողմ թողած, ընկել էինք էդ կատաղած շների մեջ, որպեսզի փրկենք շանս։ Իսկ տերը չէր էլ երևում, չէր էլ գալիս, որ շներին հետ քաշի։ Մի կերպ ազատեցինք շանս դրանց ձեռքից։ Հետո տեսա, որ հեռախոսս ամբողջովին ջարդվել է։ Շներն էին ատամ գցել, թե ոնց, չգիտեմ։ Մայրս վախից լաց էր լինում։ Տեսա, որ տերը․ մթության մեջ կանգնել էր։

Կատաղությունից վախս մոռացած մոտեցա ասեցի, որ ինչքան կարելի է էս ամենին դիմանալ։ Ասում է, որ իր շները ոչ մի բան էլ չեն արել։ Ցույց տվեցի ջարդված հեռախոսս, ու էդ պահին շները նորից հարձակվեցին վրաս։ Սկսեցի պաշտպանվել։

Փոխանակ շներին քաշի մի կողմ, տեսա, որ հանգիստ թեքվեց ու գնաց։ Շներից մեկը փորձեց վիզս բռնել։ Ինքնապաշտպանության նպատակով ձեռքս բարձրացրեցի, որպեսզի վիզս պաշտպանեմ ու շունը կծեց ձեռքս, ավելի ուշ շոկային իրավիճակի ու արյան մեջ լինելով տեսա, որ կուրծքս էլ է վնասվել։

Գոռոցիս վրա մայրս վազեց, տեսավ արյան մեջ կորած եմ։ Ինչ որ տղաներ էին անցնում խնդրեցի շտապ օգնություն կանչել։ Իսկ հովվաշան տերը մթության միջից գոռում էր, որ չհավատան, իր շունը չի կծել ու փոխանակ գա տեսնի, թե ինչ վիճակում ենք,թողեց գնաց»։

Նրա խոսքով մի քանի անգամ վատացել է նաև առողջական խնդիրներ ունեցող մոր ինքնազգացողությունը․

«Մայրս, որ հիվանդ կին է, սրտի պրոբլեմ ունի, ինսուլտ է տարել, շտապ օգնության մեքենայի մեջ վատացավ՝ ցնցումների մեջ ընկավ։ Գիշերվա 4–ին տուն վերադառնալուց հետո էլ նորից շտապ օգնություն եմ կանչել մայրիկիս համար, որովհետև ստացված ուժեղ սթրեսի ու վախի պատճառով նորից կտրուկ վատացավ մայրիկիս վիճակը»։

Կինը հաջորդ օրը դիմել է ոստիկանություն և հաղորդում է տվել, սակայն նրա խոսքով մինչ այս պահը որևէ մեկը ոստիկանությունից կամ քնն չականից իրեն չի զանգել։ Մեզ հետ զրույցում ՆԳՆ ոստիկանությունից հայտնեցին, որ գործը փոխանցել են Քննչական կոմիտե։ Իսկ Քննչական կոմիտեից հայտնեցին, որ քրեական վարույթ չի նախաձեռնվել։

shan kcac
shan kcac 1
shan kcac 2
Կիսվեք ձեր էջում