Նոր Հաճնի կամրջի տակ՝ գետի ափին, հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին
Այսօր՝ հուլիսի 30–ին, առեղծվածային մահվան դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Ժամը 17.50–ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Կոտայքի մարզային վարչությունում ահազանգ է ստացվել, որ Նոր Հաճնի կամրջի տակ՝ գետի ափին, դի կա։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Կոտայքի մարզային փրկարարական վարչության ծառայողները՝ վարչության պետ Սեդրակյանի և Աբովյանի հրշեջ–փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ՝ ջոկատի հրամանատարի գլխավորությամբ։
Տեղում պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է․ փրկարարներն այնտեղ հայտնաբերել են երիտասարդ տղայի մարմին։
Դեպքի մասին ՊԾ Կոտայքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային վարչության Աբովյանի քննչական բաժին։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մահացածի ինքնությունը։
Գ․Շամշյանի տեղեկություններով, ինքնասպան եղած տղան Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է։



