Արցախի հայտնի «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանը վտանգի տակ է
Արձագանքելով Արցախի խորհրդանիշ հանդիսացող «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանը ոչնչացնելու մտադրության մասին ադրբեջանական սոցցանցերում տարածվող տեղեկություններին՝
և հաշվի առնելով, որ ընդամենը օրեր առաջ, ըստ հայկական և ադրբեջանական մեդիատիրույթում շրջանառվող լուրերի, Ստեփանակերտում հիմնահատակ ավերվել են հայկական հոգևոր և մշակութային երկու կառույցներ՝ Սուրբ Հակոբ եկեղեցին և Սուրբ Աստվածամոր Հովանու Մայր տաճարը,
ինչպես նաև բազմիցս արձանագրված և միջազգային տարբեր հարթակներում բարձրացված փաստը՝ հայկական պատմամշակութային ժառանգության նկատմամբ համակարգային ոչնչացման քաղաքականության վերաբերյալ՝
«Գեղարդ» հիմնադրամը դիմում է միջազգային մշակութային կառույցներին՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ին, Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանման միջազգային խորհրդին (ԻԿՕՄՕՍ), ինչպես նաև քրիստոնեական աշխարհի կազմակերպություններին և կրոնական կենտրոններին՝ կաթոլիկ, ուղղափառ և բողոքական եկեղեցիներին՝
խոչընդոտելու հնարավոր վանդալիզմի քաղաքականությանը և ձեռնարկելու համապատասխան քայլեր։
Հիմնադրամը նաև կոչ է անում ճշգրտել Արցախում հայկական մշակութային ժառանգության վերաբերյալ ներկայացվող տվյալները, մասնավորապես՝ այն հուշարձանների մասով, որոնք ենթարկվել են կամ կարող էին ենթարկվել վանդալիզմի։
Հաշվի առնելով վերջին տարիներին Վատիկանի Սուրբ Աթոռի և Ադրբեջանի միջև հարաբերությունների ակտիվացումը, ինչպես նաև Ադրբեջանում Ռուս Ուղղափառ եկեղեցու ներկայությունը՝ «Գեղարդ» հիմնադրամը ակնկալում է այդ կառույցների աջակցությունը՝ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում հայկական քրիստոնեական ժառանգության փաստացի վիճակի ուսումնասիրման, փաստագրման և պահպանման ուղղությամբ։
Լրացուցիչ տեղեկությունների կամ փաստական տվյալների առկայության դեպքում հիմնադրամը կոչ է անում համապատասխան միջազգային կառույցներին՝ դրանք օգտագործել որպես հիմք՝ Ադրբեջանի իշխանությունների վրա ճնշում գործադրելու համար՝ բացառելու հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը և պատմական հետքի աղավաղումը։
Վերջում «Գեղարդ» հիմնադրամը դիմում է նաև իր հետևորդներին՝ խնդրելով ցանկացած հասանելի փաստ կամ տեղեկություն տրամադրել հիմնադրամին կամ հնարավորինս աջակցել դրանց հավաքագրման գործընթացին։


