45 համարի ավտբուսում քաղաքացին ուշաթափվել է, վարորդն ուղևորին դրսում թողել, քշել գնացել է
«Այսօր առավոտյան՝ ժամը 8։25 Կոմիտաս-Վաղարշյան խաչմերուկ չհասած, 45 համարի 4446 համարանիշով ավտոբուսի մեջ 30-35 տարեկան մի տղամարդ վատացավ, վարորդը ոչ մի օգնություն չցուցաբերեց, քշեց գնաց»,- այս մասին Oragir.News-ին պատմեց քաղաքացի Անուշ Զուրաբյանը։
Նրա խոսքով՝ ավտոբուսը լեփ-լեցուն է եղել, ներսում այնքան ուղևոր է եղել, որ բաց լուսամուտներն էլ չեն օգնել և մարդիկ շնչահեղձ են եղել։
«Տղամարդը մի քանի անգամ վատացավ, ուղևորների օգնությամբ ուշքի եկավ, սակայն քիչ անց նորից վատացավ, երրորդ անգամ վարորդին գոռացինք, որ կանգնի, որպեսզի տղամարդուն իջեցնեինք ու առաջին բուժօգնություն ցույց տանք։
Մի քանի տղամարդ ուղևորին գրկած իջեցրեցին ավտոբուսից, ես էլ նրանց հետ իջա, ձեռքիս ջուր կար, որ գոնե դրանով ուշքի բերենք։ 45 համարի վարորդը, բացի այն որ ավտոբուսից չիջավ ու իր ուղևորին օգնություն չցուցաբերեց, մի բան էլ 10-15 հոգի ուղևոր դրսում թողնելով քշեց, գնաց»,- պատմեց դեպքի ականատեսը, ով շտապելով օգնություն ցուցաբերել քաղաքացուն, հեռախոսն ու պայուսակը թողել է աբտոբուսի մեջ, որի համար ստիպված ավտոբուսի հետևից վազել է, որպեսզի կարողանա իրերը վերցնել։
«Այդ պահին զանգահարեցի ոստիկանություն, նաև տարածքում պարեկների 1047 համար ավտոմեքենան էր կանգնած ու տեսնելով, որ մարդիկ խառնված են, մեքենայից չիջան, չմոտեցան ասեն՝ ի՞նչ է պատահել, ինչո՞վ կարող ենք օգնել, չնայած, որ տեսնում ու լսում էին մարդկանց ձայներն ու իմ՝ ավտոբուսի հետևից վազելն ու գոռալը, որ իրերս ավտոբուսի մեջ է մնացել»։