Երկաթգծի կայարանի տարածքում հայտնաբերել են որպես անհայտ որոնվող կնոջ մարմինը
Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ օգոստոսի 27-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության զորքերի 1033 զորամասի առաջին գումարտակի 3-րդ վաշտի ծառայողները ահազանգել են ոստիկանության Էրեբունու բաժին և հայտնել, որ Երևան քաղաքի Գլինկայի փողոցի 14/1 հասցեում գտնվող երկաթգծի կայարանի հարևանությամբ հայտնաբերել են կնոջ դի՝ կիսանեխած վիճակում։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 80-ամյա Շ․ Ա․ է։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Դին դիատարին մոտեցնելու համար դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Երևանի թիվ 3-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ՝ խմբի պետ Գրիգորյանի գլխավորությամբ։
Փրկարարները մոտ կես կմ պատգարակով դին ոտքով մոտեցրեցին դիատարին։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածը շաբաթ օրվանից որպես անհայտ որոնվում էր հարազատների կողմից, իսկ այսօր նրա հարազատները արդեն դիմել են ոստիկանության Էրեբունու բաժին։
Դեպքի փաստով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ Քր․ օր․-ի 155 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։