Ըստ քննիչների, Արայի որդին չի կրակել․ «Հրապարակ»
Hraparak.am-ը գրում է․ Սեւանի ավագանու «Սարգիս Մուրադյան» դաշինքի անդամ Արսեն Աֆիյանի մահվան գործով ձերբակալված Լեւոն Բանդուրյանը, ով քրեական հեղինակություն Նորատուսցի Արայի որդին է, կալանավորվել է։ Արայի որդուն մեղադրում են ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի (խուլիգանություն) 2-րդ մասի 1-ին կետով:
Քննչական կոմիտեն հաղորդել է դեպքի մանրամասները։ Պարզվում է՝ մատուցողին պատվեր տալիս հիշյալ հանգստյան գոտում հանգստացող «19-ամյա մի երիտասարդ՝ Լ․ Բ․-ն, եւ 40-ամյա մի տղամարդ՝ Մ․ Փ․-ն, դուրս գալով առանձնատնից, պահանջել են բարձր չխոսել։ 37 եւ 42-ամյա տղամարդիկ, հակադարձելով այդ պահանջներին, հայտնել են, որ իրենք բարձր չեն խոսում։ Նշված չնչին առիթն օգտագործելով՝ Լ․ Բ․-ն, Մ․ Փ․-ն եւ ինքնությունը դեռեւս չպարզված տղամարդը, մոտենալով ռեստորանի բացօթյա հատվածին, մուտքի մոտ հանդիպել են իրենց ընդառաջ եկող 37 եւ 42-ամյա տղամարդկանց։ Իրենց ենթադրյալ առավելություններն ու գերակայությունն ընդգծելու, ներկաների եւ այլ անձանց մոտ սարսափ առաջացնելու նպատակով, անտեսելով հանգստյան գոտում գտնվող այլ հաճախորդների ու աշխատողների ներկայությունը, նրանք փոխադարձ քաշքշուկի եւ վիճաբանության մեջ են մտել հիշյալ երկու տղամարդկանց հետ»։
Հետո, ինչպես նման դեպքերում լինում է, հայհոյանքներ, գոռոցներ, «փոխադարձաբար ոտքերով եւ ձեռքերով հարվածել», կրակոցներ։ «Տեսնելով, որ 42-ամյա տղամարդն ակոսափող ատրճանակ է հանել, Մ․ Փ․-ն նրան գցել է գետնին: Ապա հիշյալ առանձնատնից վերցնելով ապօրինի կերպով պահվող ակոսափող հրազենը՝ մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ, նախ այլ անձանց կյանքի եւ առողջության համար վտանգավոր եղանակով կրակոց է արձակել 42-ամյա տղամարդու ուղղությամբ»,- հաղորդում է ՔԿ-ն։ ՔԿ հաղորդագրության մեջ կրակոցների մասով նշվում է միայն կարատեիստ, բազմաթիվ քրեական պատմություններով աչքի ընկած Միսաք Փաշիկյանի անունը։ Նա է «կրակոց արձակել հանգստյան գոտու անվտանգության աշխատակցի ուղղությամբ՝ նրա առողջությանը պատճառելով կյանքի համար վտանգավոր՝ ծանր վնաս, որից հետո, Արսեն Աֆիյանին կյանքից զրկելու նպատակով, կրակոց է արձակել վերջինիս ուղղությամբ»։
Լեւոն Բանդուրյանը, ըստ հաղորդագրության, չի կրակել։ Սա կարող է նշանակել, որ նրան «ջրից չոր դուրս բերելու» միտում կա։ Նորատուսցի հեղինակություններ Արա եւ Ալիկ Բանդուրյանների անվան հետ կապված ամեն հերթական սպանությունից հետո նրանց մասին հանրությունը հիշում է, հոդվածներ են գրվում, պատասխանատվության ենթարկելու կոչեր են հնչում, ոստիկանությունը, քննչական մարմինները զբաղվում են, բայց աղմուկը լռելուն պես հանցագործությունները մնում են անպատիժ։
2018 թվականի դեկտեմբերի 18-ից հետո, երբ Ալիկ Բանդուրյանը, ում մեղադրում էին 2016 թվականին «Լիա» գեղեցկության սրահում տեղի ունեցած սպանության գործով, արդարացվեց ու ազատ արձակվեց դատարանի դահլիճից, նրա եւ մտերիմների մասին այլեւս ոչ ոք չէր հիշում՝ մինչեւ հաջորդ պատահարը։ Այս տարվա ապրիլին Նորատուսի բնակիչ Բորիկ Հակոբյանը՝ Հայկասարը, ինքնասպան եղավ իր տանը։ Այդ օրը, ըստ լուրերի, նա իր հարեւանին՝ իր հետ մտերիմ մի երիտասարդի, ուղարկել էր գերեզմանոց` պայթուցիկ սարք տեղադրելու Ալիկ Բանդուրյանի հորեղբոր գերեզմանին։ Սպասվում էր, որ այդ օրը Բանդուրյանների ազգականները հոծ թափորով այցելելու էին իրենց հանգուցյալին, եւ եթե սարքը պայթեր, անպայման զոհեր կլինեին։ Այսկերպ Հայկասարն ուզում էր վրեժխնդիր լինել որդու սպանության համար, որի մեջ կասկածում էր Ալիկ եւ Արա Բանդուրյաններին։ Որդին սպանվել էր 2019 թվականի նոյեմբերի 2-ին, Սեւան-Մարտունի ավտոճանապարհին։ Նրա վրա 20-ից ավելի կրակոց էր արձակվել։ Մարդասպանները ճանապարհի մեջտեղում ինքնաձիգից կրակահերթ էին արձակել նրա «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ։ Այդ ողբերգական դեպքը ցնցել էր Հայաստանը եւ հատկապես Նորատուսը: Ցրվել էին պատրանքները, թե կրիմինալ ժամանակներն անցել են, եւ օրը ցերեկով, դիմահար կրակոցներով մարդ սպանելն այլեւս անցյալում է։
Եվ, ահա, Հայկասարը որոշել էր լուծել որդու վրեժը՝ կազմակերպելով հզոր պայթյուն գերեզմանոցում։ Բայց պայթյունը չստացվեց։ Փլուզվել էր միայն գերեզմանի պարսպի մի հատված, որտեղ էլ իրավապահներն ու փրկարարները հայտնաբերել էին տղամարդու դի։ 2024 թվականի ապրիլի 24-ն էր։ Մահացած տղամարդը հենց Հայկասարի ուղարկած անձն էր։ «Մենք չգիտենք, թե ինչ էր եղել։ Էդ տղեն մեր բարեկամն էր, բայց Հայկասարի ձեռին թաշկինակ էր, թե վերջին րոպեին փոշմանել էր, իրան էր սպանել, թե չէր կարողացել պայթյուն անել ու վախից էր իրան խփել, տենց էլ չիմացանք։ Բայց լավ է, որ չստացվեց, այնքան մարդ էր էդ օրը գալու գերեզմանոց՝ երեխեք, կանայք, ծերեր»,- պատմում է նորատուսցի մի կին՝ խնդրելով գաղտնի պահել իր անունը։
Տեղեկանալով, որ պայթյունը չստացվեց, Բորիկ Հակոբյանը՝ Հայկասարը, ինքնասպան եղավ։ Համենայնդեպս, այսպես են պատմում Նորատուսում։ Դեպքի վերաբերյալ ոստիկանները հայտնել էին, որ Նորատուսի տներից մեկում հայտնաբերվել է 73-ամյա Բորիկ Հակոբյանի՝ Հայկասարի դին, կողքին՝ «Մակարով» տեսակի ատրճանակ։ Իսկ գերեզմանոցի դեպքի մասին գրել էին, որ «ոստիկանները, պարեկներն ու փրկարարները նշված վայրում հայտնաբերել են տղամարդու դի»։ Անուններ չէին նշվում։ Վարույթը հարուցվել է ու գնացել Քննչական կոմիտե։ Որեւէ այլ տեղեկություն գործի մասին այդպես էլ չհրապարակվեց։ Պատմում են, որ դեպքից օրեր անց Բանդուրյանները մարդ են ուղարկել գերեզմանոց, որ պղծի ինքնասպան եղած Հայկասարի գերեզմանը: Մենք դիմեցինք դատախազություն, հարցրինք, թե ինչ նորություն կա Բորիկ Հակոբյանի մահվան գործով։ Մեզ պատասխանեցին, որ նախաքննությունը շարունակվում է, Քննչական կոմիտեից էլ գրավոր հարցում ուզեցին։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում