Մամուլ

Ողբերգական դեպք՝ Մասիս քաղաքում․ բետոնե պանելը ընկել է քաղաքացու վրա, ով տեղում մահացել է

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ մայիսի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 16։00-ի  սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արարատի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մասիս քաղաքի Հանրապետության փողոցի 73 հասցեում շինարարական աշխատանքներ կատարելու ժամանակ պանելը ընկել է քաղաքացու վրա ով տեղում մահացել է։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Մամիկոն Հակոբյանը և ոստիկանության Մասիսի բաժնի պետ Ասքանազ Դավթյանն ու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գարիկ Գևորգյանը։Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի պարեկները։

Պարզվել է, որ նույն օրը ժամը 15։45-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 42-ամյա Կարեն Խաչատրյանը իր «Կամազ» մակնիշի կռունկ ավտոմեքենայով շինարարական աշխատանքներ կատարելիս է եղել, երբ բետոնե վահանակը (պանել) ընկել է Արարատի մարզի բնակիչ 45-ամյա Քերոբ Նահապետյանի վրա, ինչի հետևանքով վերջինս տեղում մահացել է։

masis depq

Ահազանգով դեպքի վայր են ժամանել ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնի խումբը՝ վարչության պետ Տիգրան Շոխոյանի, վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի և Մասիսի քննչական բաժնի պետ Սամվել Անդրեասյանի գլխավորությամբ։

Դեպքի փաստով Մասիսի քննչական բաժնում «աշխատանքային կանոնները չպահպանելը, որն առաջացրել է մարդու մահ» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Կիսվել