Մամուլ

Ողբերգական ավտովթար՝ Սյունիքի մարզում․ իրանական ավտոբուսը հայտնվել է ձորում․ կան զոհեր և վիրավորներ

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ ապրիլի 27-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 17։20-ի սահմաններում Գորիս-Կապան ավտոճանապարհի Վերին Խոտանան գյուղի վարչական տարածքում իրանական համարանիշներով ավտոբուսը դեռևս անհայտ հանգամանքներում գլորվել և կողաշրջված վիճակում հայտնվել է ձորում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի տեղում մահացել են, իսկ, ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների, 20-ից ավելի վիրավորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերր նախարարության փրկարար ծառայության Կապանի թիվ 54 հրշեջ փրկարարական ջոկատի և Աղվանի հենակետի փրկարարնները՝ մարզային փրկարարական վարչության պետ Դավիթ Հովհաննիսյանի գլխավորությամբ։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գևորգ Զաքարյանի գլխավորությամբ։ Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ վիրավորներից մի քանիսին հիվանդանոց են տեղափոխել փրկարարները, պարեկները ու քաղաքացիները։

iranakan avtobus

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկ Արտակ Ամիրաղյանն ու կրտսեր պարեկ Ռոման Վարդանյանը։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետ Վարդան Մկրտչյանը և ոստիկանությաւն Կապանի բաժնի պետ Արա Դավթյանը։

Վթարի մասին ոստիկանության Կապանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։Ժամանել է նաև Սյունիքի մարզի դատախազը։

Վթարի փաստով Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդի, մահացածների և վիրավորների ինքնությունը։ Կան նաև տեղեկություններ, որ հնարավոր է մահացածների թիվը ավելին է։

Կիսվել