Մամուլ

Պարեկների գործողությունների հետևանքով ոստիկանական մեքենայում վատացել է Գևորգ Պետրոսյանի ինքնազգացողությունը

Պարեկների գործողությունների հետևանքով ոստիկանական մեքենայում վատացել է Գևորգ Պետրոսյանի ինքնազգացողությունը

Պարեկային ծառայողների ակնհայտ անօրինաչափ գործողությունների հետևանքով ոստիկանական մեքենայում կտրուկ վատացել է Գևորգ Պետրոսյանի ինքնազգացողությունը:

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, որը այցելել է ձերբակալված Գևորգ Պետրոսյանին:

«Գործընկերոջս` Արման Ղազարյանի հետ, այցելեցինք 72 ժամով ձերբակալված Գևորգ Պետրոսյանին:

Պարոն Պետրոսյանը պատմեց իր հետ տեղի ունեցած դեպքի մանրամասները:

Ըստ նրա, երեկ երեկոյան Պարեկային ծառայության աշխատակիցները բավականին երկար ժամանակ հետևել են իրեն, այնուհետև, արդեն այն ժամանակ, երբ վերջինս մոտ է եղել իր բնակության վայրին, մոտեցել են և առանց պատշաճ կերպով օրինական պահանջ ներկայացնելու փորձել են իրեն դուրս բերել մեքենայի միջից:

Ի վերջո, մեծաթիվ պարեկային ծառայողների միջոցով դա նրանց հաջողել է, ինչի հետևանքով Գևորգ Պետրոսյանին տեղափոխել են նախ անհրաժեշտ քննություններն անցկացնելու, ապա Երևան քաղաքի ոստիկանական բաժանմունքներից մեկը:

Պարեկային ծառայողների ակնհայտ անօրինաչափ գործողությունների հետևանքով ոստիկանական մեքենայում կտրուկ վատացել է Գևորգ Պետրոսյանի ինքնազգացողությունը:

Ահազանգով ժամանել են շտապ օգնության ծառայության աշխատակիցներ, որոնք նախնական զննությունից հետո պնդել են, որ Գևորգ Պետրոսյանին անհրաժեշտ է տեղափոխել բժշկական հաստատություն, քանի որ վերջինիս մոտ առկա են առողջական խնդիրներ, և բժշկական օգնություն ցուցաբերելու անհապաղ կարիք կա։

Պարեկային ծառայության աշխատակիցները հրաժարվել են իրականացնել այս պահանջը` այդպիսով վտանգելով ՀՀ քաղաքացու կյանքը:

Ի վերջո, ոստիկանական բաժանմունք բերման ենթարկվելուց հետո Գևորգ Պետրոսյանին տեղափոխել են Ձերբակալված անձանց պահման վայր, որտեղ էլ այսօր տեսակցեցինք նրան:

Չնայած առողջական խնդիրներին և դեղամիջոցներ ընդունելուն՝ պարոն Պետրոսյանը հոգեպես ընկճված չէ։

Ակնհայտ է, որ այս ամենը պարոն Պետրոսյանի հետ տեղի է ունեցել իշխող ուժի նկատմամբ հնչեցրած դիրքորոշումների հետևանքով։

Իսկ տեղի ունեցածը ևս մեկ ապացույցն է այն հանգամանքի, որ մարդու իրավունքներ ասվածն իշխող ուժի ներկայացուցիչների համար պարզապես իշխանության գալու հարմար միջոց էր»:

Կիսվել