Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. Նիվայով վթարի է ենթարկվել Ապարանի զինվորական կոմիսարը
Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. Նիվայով վթարի է ենթարկվել Ապարանի զինվորական կոմիսարը
Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ հոկտեմբերի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 18։50-ի սահմաններում Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում ճակատ-ճակատի բախվել են ՎԱԶ 2121 մակնիշի ավտոմեքենան և ՊԱԶ մակնիշի ավտոբուսը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի միջին ծանրության ախտանիշով տեղափոխվել է «Աշտարակ» ԲԿ։
Վիրավորին առաջինը օգնության են հասել ՊԱԶ-ի վարորդն ու այնտեղ գտնվող ուղևորները, ապա օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Աշտարակի թիվ 19 հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները։
Վերջիններս վիրավորին պատգարակով մոտեցրել են օպերատիվորեն ժամանած «Աշտարակ» ԲԿ-ի շտապօգնության ավտոմեքենային։ Բժիշկները վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխեը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։
Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի Արագածոտնի մարզը սպասարկող սպայական դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Գարիկ Սարգսյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև ոստիկանության Աշտարակի բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչի գլխավորությամբ։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեսքանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հերթապահ քննիչի գլխավորությամբ, ում կողմից նախաձեռնվել է վարույթ։ Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ՊԱԶ մակնիշի ավտոբուսը հաշվառված է ՀՀ Արդարադատության նախարարության «Իրավական վերականգնողական կենտրոն»-ին պատկանող» ՊՈԱԿ-ներից մեկի հաշվեկշռում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը Ապարանի զինկոմն է։