Մամուլ

Մարց գետի վրա գործող հիդրոկայանը վաճառվել է 50 հազար դրամով, Փաշինյանի եղբայրն էլ տնօրենն է. «Ազատություն»

Մարց գետի վրա գործող հիդրոկայանը վաճառվել է 50 հազար դրամով, Փաշինյանի եղբայրն էլ տնօրենն է

«Ազատություն» ռադիոկայանը գրում է․ «Վանաձորի նախկին քաղաքապետն ու եղբայրը 50 հազար դրամի դիմաց են վաճառել Մարց գետի վրա գործող հիդրոկայանը, որտեղ տնօրեն է դարձել Փաշինյանի եղբայրը։

Կասկածահարույց գործարքը կնքվել է Դարբինյան եղբայրների ու «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի 20-ամյա եղբորորդու՝ Յուրի Քոքոբելյանի միջև՝ անցած տարվա խորհրդարանական ընտրություններից երկու ամիս առաջ։

Պետական ռեգիստրի տվյալներով` վաճառքի օրն իսկ ընկերության տնօրեն է դարձել վարչապետի եղբայրը՝ Արմեն Փաշինյանը, որ բնակվել է Ռուսաստանում և Հայաստան է վերադարձել 2018-ի հեղափոխությունից հետո։

Ազատության գրավոր հարցումից հետո պետական ռեգիստրը տրամադրել է մեկուկես էջանոց առուվաճառքի պայմանագիրը, որում նշված է. «Վաճառողներն իրենց պատկանող 100 տոկոս բաժնեմասերը վաճառում են գնորդին սեփականության իրավունքով։ Բաժնեմասերի վաճառքի գինը կողմերի համաձայնությամբ սահմանվում է 50 հազար դրամ»:

hidrokayan

Ընդ որում` նույն ռեգիստրում տեղադրված կանոնադրության համաձայն ՀԷԿ-ը տնօրինող «Արգիշտի-2» ընկերության 50 հազար դրամով վաճառված բաժնեմասի արժեքը մոտ 250 միլիոն դրամ է։

Հայաստանի էլեկտրացանցեր ընկերության տեղեկատվությամբ այս ՀԷԿ-ը միայն 2019-20 թվականներին մոտ կես միլիոն դոլարի արտադրանք է թողարկել։ Ինչո՞ւ են Դարբինյանները այս եկամտաբեր հիդրոկայանը վաճառել, այն էլ՝ մոտ հարյուր դոլարով։ Արդյոք վաճառքի պահին ընկերությունը վարկեր կամ պարտքեր է ունեցել. նախկին քաղաքապետն ու եղբայրը հրաժարվում են մեկնաբանել։

Պետռեգիստրի տվյալներով նոր սեփականատերը՝ երիտասարդ Յուրի Քոքոբելյանը տարբեր բիզնեսներում կա՛մ սեփականատեր է, կա՛մ տնօրեն։ Նրան հնարավոր չեղավ գտնել Երևանի իր հաշվառման հասցեում։ Իր գործունեության հետ կապված տեղեկություններ, նույնպես, որևէ տեղ չկան։

Առավել հայտնի է նրա հորեղբայրը՝ «Ազատ» դեմոկրատներ կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը, նա մեր զանգերին ընդհանրապես չպատասխանեց: Հնարավոր չեղավ պարզել՝ ինչպես են կարողացել համոզել Դարբինյան եղբայրներին 100 դոլարով վաճառել ընկերությունը, որ նրանց տասը տարի եկամուտ էր բերել:

Ընդ որում՝ Դարբինյաններին պատկանող այս հիդրոկայանը դեռ 2019 թվականից ներգրավված էր աղմկահարույց մի քրեական գործում։

Դատախազությունը փաստեր էր բերում, որ նույն Սամվել Դարբինյանի պաշտոնավարման տարիներին՝ 2010 թվականին, Վանաձորի կեղտաջրերի մաքրման կայանն ապօրինի օտարվել է. Դարբինյանը կեղծ աճուրդ է կազմակերպել ու 240 միլիոն դրամանոց կայանն իր գնից 4 անգամ էժան՝ 60 միլիոն դրամով վաճառել իր մտերիմին։

Իրավապահները կասկածներ ունեն, թե էժան գնով ձեռքբերված կայանի խողովակներն ու թանկարժեք սարքավորումներն օգտագործվել են Դարբինյանների ՀԷԿ-ը կառուցելիս»։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել