Մամուլ

Բացառիկ նվաճում․ 8-ամյա Մոնթե Մուրադյանն ու Սյունե Քոսակյանը հաղթահարել են Արարատի գագաթը

Մանկապատանեկան լեռնային ակումբն իր էջում լուսանկար է հրապարակել՝ կից տեղեկացնելով, որ  8-ամյա Մոնթե Մուրադյանն ու Սյունե Քոսակյանը հաղթահարել են Արարատի գագաթը։

«Այս տարի «4 Գագաթ» մանկապատանեկան լեռնային ակումբի երեխաներից Մոնթե Մուրադյանն ու Սյունե Քոսակյանը հաջողությամբ բարձրացան Արարատի գագաթ՝ դառնալով աղջիկների և տղաների խմբում ամենափոքր մասնակիցները, ովքեր հաղթահարել են Արարատի 5165/5137մ բարձրությունը, ընդամենը 8 տարեկանում։

Սա, առնվազն Հայաստանի համար, բացառիկ նվաճում է և, հնարավոր է, եզակի արդյունք նաև ավելի լայն՝ միջազգային համատեքստում։

Այս հաջողությունը երկար պատրաստության արդյունք էր։ Դրան նախորդել էին ամիսներ տևած մարզումներ՝ մշակված հատուկ վերելքների ծրագրով։

Երեխաները հերթականությամբ հաղթահարել էին Հայաստանի տարբեր լեռնային երթուղիներ, ձեռք բերել անհրաժեշտ փորձ, հարմարվել բարձրությանը և նույնիսկ գիշերակաց իրականացրել Արագածի Հարավային գագաթին՝ կարևոր քայլ կատարելով բարձրալեռնային պայմաններին հարմարվելու ճանապարհին։

Կիսվեք ձեր էջում