Մամուլ

8-ամյա Կարենին օգնություն է անհրաժեշտ

8-ամյա Կարենին օգնություն է անհրաժեշտ

Կարենը մեկ տարեկան ութ ամսական էր, երբ գլխուղեղի բորբոքում` էնցեֆալիտ ախտորոշումն են տվել։

18 օր կոմայի մեջ մնալուց հետո Մոսկվայում բժիշկները կարողացել են փրկել երեխայի կյանքը։ «Աստծո նվեր է այս երեխան»,- ասել են բժիշկները ծնողներին ու վստահեցրել, որ չանհանգստանան երեխայի համար՝ անպայման կբուժվի։

Սակայն դեռ դրական փոփոխություններ չկան։ Հայրը՝ Արմեն Շահվերդյանը, պատմում է, որ որդին այժմ 8 տարեկան է՝ չի խոսում, խոսքի եւ մտավոր զարգացման հապաղում ունի։

«Մենք հիմա հսկողության տակ ենք, անցած տարի հակացնցումային դեղ նշանակեցին, որ իրեն շատ է օգնում։ Այդ դեղը ինչ սկսեց ընդունել, դրական փոփոխություններ ենք նկատել, նույնիսկ բժիշկը նկատեց այդ փոփոխությունները, չնայած ի սկզբանե չէր հավատում»,- ասաց հայրը։

Անցած տարի «Կյանքի ճանապարհ» բարեգործական հիմնադրամն է օգնել՝ ձեռք բերել բավականին թանկարժեք դեղը, քանի որ այն պետպատվերով չեն տրամադրում։

«Դեղը մի փոքր դժվար է գտնել, օրական երկու կոճակ է խմում, եւ Երեւանից պատվիրելու դեպքում 10 հատի համար վճարում եմ 9 հազար դրամ։ Բնակվում ենք Լոռու մարզում։

Տղաս երկու դեղ է խմում, մեկն անվճար տալիս են, մյուսն անվճար չէ, այդ դեղը՝ վիկաբադրինը, չեն կարողանում ֆինանսավորել։ Անցած տարի մեր բուժող բժիշկը՝ Նոնա Ռուբենովնան, դիմեց այդ բարեգործական ընկերությանը՝ մեզ օգնեցին։

Հիմա այդպիսի խնդիր ունեցող երեխաները շատ են, չի լինի, որ անընդհատ մեզ օգնեն, կուզեի, որ օգնեն, բայց չեն կարող միայն ինձ օգնել՝ թող բոլոր երեխաներն էլ առողջ լինեն, ես դա էլ եմ հասկանում»,- ասում է Կարենի հայրը՝ հույս փայփայելով, որ մի տեղից մի հրաշքով օգնություն կհասնի իրենց։

Հենց այդ դեղի գործածումից հետո են Կարենի մոտ դրական տեղաշարժեր նկատվել, բայց դեղորայքի ընդունումը կախված է ֆինանսից՝ ընտանիքն ամեն ինչ վաճառել է, վերջին գումարներն է դրել երեխայի առողջացման համար, եւ այժմ խիստ կարիքի մեջ են։

Բնակվում են գյուղում․ հայրը պատմում է, որ երեխայի ստացած 39 հազար դրամ թոշակը չի բավականացնում դեղը ձեռք բերելու համար, ինքն էլ մշտական աշխատանք չունի։

Տարեկան մեկ-երկու կենդանի են վաճառում, երեխային պարբերաբար բերում Երեւան՝ հետազոտությունների, հավելյալ բուժումների ու դեղամիջոցների կարիք կա, եւ այս ծախսերը դարձել են դժվարհաղթահարելի։

Դեղամիջոցը մեկ տարի ընդունելուց հետո երեխան սկսել է հասկանալ ծնողների հրահանգները, ավելի շատ լսում է հայրիկին, սիրում է լսել երաժշտություն եւ «Մաշան ու արջը» մուլտֆիլմը դիտել։ Նեյրովիրաբույժները ծնողներին ասել են, որ որոշ ժամանակ հետո պարզ կդառնա՝ կարո՞ղ են արդյոք երեխային վիրահատել, թե՞ ոչ։

Շահվերդյանների համեստ ու ազնիվ ընտանիքին օգնություն ցուցաբերելու ցանկություն ունեցողները կարող են կապ հաստատել Կարենի հոր՝ Արմեն Շահվերդյանի հետ, հետեւյալ հեռախոսահամարով՝ 094 05 35 98։

Կից ներկայացնում ենք նաև հաշվեհամարը՝ Ակբա բանկ, նպատակը՝ հետագա բուժման նպատակով։ Հաշվեհամարըտ Արմեն Շահվերդյանի անունով է։

hashvehamar
Կիսվել էջում