33 համարի ավտոբուսի դռները վնասել են ուղևորի մատը․ վարորդը չի օգնել
Երևանի 33 համարի երթուղին սպասարկող ավտոբուսում ուղևորի մատը մնացել է դռան արանքում և վնասվել։
Այս մասին ահազանգել է «Ձեռքդ տուր» համայնքային զարգացման ՀԿ նախագահ Անուշ Թորոսյանը։
Նրա խոսքով՝ 41-ամյա տղամարդը արյունահոսող ձեռքով իջել է ավտոբուսից, սակայն վարորդը նրան օգնություն չի ցուցաբերել և հեռացել է։ Ավելի ուշ տղամարդը բարդ վիրահատության է ենթարկվել, որի ընթացքում բժիշկներին հաջողվել է վերականգնել մատը։
Հիվանդանոցային ծախսերը կազմել են շուրջ 350 հազար դրամ։
«Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի մամուլի խոսնակ Գեղամ Ասատրյանը Sputnik Արմենիային հայտնել է, որ դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 24-ին՝ ծանրաբեռնված ժամի։
Նրա խոսքով՝ վարորդը դեպքի պահին չի իմացել, որ ուղևորի մատն է մնացել դռան արանքում։
Ըստ ընկերության ներկայացուցչի՝ ուղևորն իջել է ավտոբուսից՝ մեկ այլ ուղևորի հետ, սակայն վարորդին կատարվածի մասին չի հայտնել։
Դեպքի մասին ընկերությունը տեղեկացել է ավելի ուշ՝ ուղևորի բողոքից հետո, որից հետո վարորդը ներկայացրել է բացատրություն։


