Քաղաքականություն

2018 թվականը քաղաքական առումով աննախադեպ տարի էր. Փաշինյանի ելույթը

Ազգային ժողովի մեծարգո փոխնախագահներ,

հարգելի տիկին Թանդիլյան,

Ազգային Ժողովի մշտական հանձնաժողովների նախագահներ,

հարգելի պատգամավորներ,

կառավարության անդամներ, լրագրողներ ողջունում եմ բոլորիդ:

Նախորդ տարվա առանձնահատկությունն այն էր, որ ներկայացվող հաշվետվության հետ մեր կառավարությունն ընդհանրապես առնչություն չուներ, որովհետև խոսքը 2017թվականի բյուջեի կատարման մասին էր: Այս  տարվա առանձնահատկությունն այն է, որ մեր կառավարությունն ունի ոչ  ամբողջական մասնակցություն, որովհետև մենք կառավարության դերը ստանձնել ենք մայիսին:

Ըստ էության, բյուջեի կատարման ցուցանիշներին Ազգային ժողովում բազմիցս անդրադառնալու առիթ ունեցել եմ և այսօր, ըստ էության, դրամատիկ նորություններ ասել այդ կապակցությամբ չեմ պատրաստվում, բայց կարծում եմ շատ լավ առիթ է, որպեսզի ամփոփենք այն, ինչի մասին այս ընթացքում խոսվել է: Ուզում եմ ընդգծել հետևյալը. 2018 թվականը քաղաքական առումով աննախադեպ տարի էր և դրա մասին վկայում են ցուցանիշները:

2018թ. ընթացքում տեղի են ունեցել նախագահական մեկ ընտրություններ, Հայաստանի Հանրապետության վարչապետի 5 ընտրություններ,  ԱԺ արտահերթ ընտրություններ, Երևանի քաղաքապետի 1 արտահերթ ընտրություն և մեծ հաշվով երկրում տեղի է ունեցել թավշյա հեղափոխություն: Սա կարևոր է նկարագրելու համար այն ֆոնը, որի պայմաններում տեղի է ունեցել բյուջեի կատարման ընթացքը:

Այս պայմաններում մեր կառավարությունը, որ ձևավորվել է 2018թ. մայիսին, ըստ էության, կարողացավ լուծել ամենակարևոր խնդիրը: Խոսքը մակրոտնտեսական կայունության պահպանման մասին է: Ես ԱԺ մեծ դահլիճում ասել եմ, բայց ուզում եմ այստեղ էլ ընդգծել, որ երևի հնարավոր չէ համաշխարհային պատմության մեջ գտնել շատ դեպքեր, երբ  երկրում տեղի են ունենում այսպիսի մասշտաբային  քաղաքական փոփոխություններ և այս մասշտաբային քաղաքական փոփոխությունները չեն ուղեկցվում տնտեսական ցնցումներով, ֆինանսական համակարգի փլուզումներով կամ կիսափլուզումներով և ամեն ինչ տեղի է ունենում տնտեսական, մակրոտնտեսական կայունության պայմաններում:

2018թ. արձանագրվել է 5.2 տոկոս տնտեսական աճ, բայց ես ուզում եմ ընդգծել, որ 2018թ. բյուջեի նախագծում, որն ընդունվել էր դեռ նախորդ կառավարության և նախորդ ԱԺ կողմից, որպես տնտեսական աճի կանխատեսվող ցուցանիշ, նշվել է 4.5 տոկոսը: Այսինքն, ըստ էության, 2018թ. ահա այսպիսի գլոբալ քաղաքական  վայրիվերումների պայմաններում կառավարությանը հաջողվել է գերակատարել այն պլանը, որը 2018թ. բյուջեի հիմքում դրել էր նախորդ կառավարությունը՝ ելնելով բոլորովին այլ կանխատեսումներից:

Մանրամասները տեսանյութում՝

Կիսվել նյութով