Մամուլ

17-ամյա տղան «Էլինար» ռեստորանային համալիրում բանակի քեֆի ժամանակ անկանոն կրակոցներ է արձակել

Shamshyan.com-ը գրում է․ Հուլիսի 20-ին կրակոցներ են հնչել Արմավիրի մարզում։ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վաղարշապատի բաժնի ծառայողները ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, պարզել են, որ ժամը 17։00-ի սահմաններում, Արմավիրի մարզի բնակիչ 17-ամյա Ջ. Տ.-ն Գայ գյուղում գտնվող «Էլինար» ռեստորանային համալիրում, մասնակցելով ազգականի բանակից վերադառնալու կապակցությամբ կազմակերպված խնջույքին, իր հայրիկին պատկանող «Chevrolet» մակնիշի ավտոմեքենայի սրահի պահոցից վերցրել է վերջինիս պատկանող ատրճանակը։

Անչափահասը, հասարակության նկատմամբ անհարգալից, իրավական և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք դրսևորելով, խախտել է մարդկանց անդորրը և հասարակական նշանակության օբյեկտի բնականոն աշխատանքը՝ մի քանի անգամ կրակոցներ արձակելով դեպի օդ։

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների կողմից հուլիսի 20-ին Ջ. Տ.-ն հայտնաբերվել ու ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Վաղարշապատի բաժին, որտեղ փաստերի ճնշման տակ խոստովանել է իր կողմից կատարված արարքը։

Նշված ատրճանակը Արման Տ.-ն ինքնակամ ներկայացրել է ոստիկանություն, իսկ վերոնշյալ ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Վաղարշապատի բաժնի հատուկ պահպանվող տարածք։

Դեպքի փաստով ոստիկանության Վաղարշապատի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Կիսվեք ձեր էջում