Մամուլ

Տիգրան Արզաքանցյանը, չսպասելով քննիչի ծանուցագրին, կնոջ հետ այսօր այցելել է «Զվարթնոց» օդանավակայանի քննչական բաժին

Տիգրան Արզաքանցյանը, չսպասելով քննիչի ծանուցագրին, կնոջ հետ այսօր այցելել է «Զվարթնոց» օդանավակայանի քննչական բաժին

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ առաջիկայում Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության «Զվարթնոց» գծային բաժնի քննիչի որոշմամբ ծանուցում պետք է ուղարկվեր «Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանի բնակության վայր, որպեսզի վերջինս իր տիկնոջ՝ Նատալյա Արզաքանցյանի հետ ներկայանար քննչական բաժին։

Այսօր, սակայն, Տ. Արզաքանցյանը, չսպասելով ծանուցագրին, իր տիկնոջ հետ թիկնապահներով գնացել է «Զվարթնոց» քննչական բաժին ու պատրաստակամություն հայտնել՝ ցուցմունք տալու հունվարի 26-ին Փարիզ-Երևան չվերթի ժամանակ ինքնաթիռում, ըստ իր հայտնածի, իր նկատմամբ սպանության սպառնալիք տալու փաստով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։ 

Տ. Արզաքանցյանը իր տիկնոջ հետ մոտ 1 ժամից ավելի եղել է քննչական բաժնում։ Նա պնդել է իր՝ նախկինում տված ահազանգը, ինչի համար էլ պետք է առերեսում տեղի ունենար, սակայն այսօր այն չի կատարվել։ 

Տիգրան Արզաքանցյան

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության «Զվարթնոց» օդանավակայանի քննչական բաժնում սպանության սպառնալիք հատկանիշներով նախաձեռնվել էր քրեական վարույթ Ռուսաստանի Դաշնության քաղաքացի՝ 57-ամյա Արտաշես Իկոնոմովի նկատմամբ։

Վերջինիս դեմ հունվարի 26-ին ահազանգ էր հնչեցրել Գավառ քաղաքում հաշվառված, Երևանում բնակվող 57-ամյա Տիգրան Արզաքանցյանը, որ այդ օրը Փարիզ-Երևան 1060 չվերթով իր կնոջ` Նատալյա Արզաքանցյանի հետ ժամանել է Հայաստան, ու օդանավի մեջ իրենց է մոտեցել իր ծանոթ Ա․ Իկոնոմովը և իրեն հարցրել է, թե երբ է պատրաստվում տարիներ շարունակ չվճարած պարտքերը վերադարձնել։

Օդանավից իջնելուց հետո Տ․ Արզաքանցյանին դիմավորելիս էին եղել զրահապատ՝ BMW մակնիշի և Range Rover մակնիշի ավտոմեքենաներ։

Տ․ Արզաքանցյանը կնոջը զրահապատ BMW-ով ասել էր, որպեսզի տանեն Մոնումենտի տուն, իսկ ինքը Range Rover մակնիշի ավտոմեքենայով մոտեցել էր ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժին  ու կատարվածի մասին իր բողոքը գրել էր թղթին և հանձնել ոստիկաններին։

«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները արդեն օդանավակայանում մոտեցել էին Ա․ Իկոնոմովին և նրան հրավիրել գծային բաժին, որտեղ մի քանի ժամ մնալուց հետո նրան տեղափոխել էին «Զվարթնոց» օդանավակայանի քննչական բաժին։

Քննիչի որոշմամբ Ա․ Իկոնոմովը բաց էր թողնվել։

Աղբյուրի տեղեկություններով՝  առաջիկա 1-2 օրվա ընթացքում պետք է առերեսում կատարվեր Տ․ Արզաքանցյանի, նրա տիկնոջ՝ Ն․ Արզաքանցյանի և Ա․ Իկոնոմովի միջև։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝  Տ․ Արզաքանցյանը ոստիկաններին և քննիչներին հայտնել էր, որ ինքը «Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահն է, իսկ ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ Ա․ Իկոնոմովը «Գլոբալ Դիջիթել Ֆայնենս» ՓԲԸ խորհրդի անդամ է։

Share