Մամուլ

Վարդենիսում հայտնի «Ցլանոց» ռեստորանի մոտից բերման է ենթարկվել քրեական պատմություններով հայտնի «Վարդենիսցի Ռոմիկը»

Վարդենիսում հայտնի «Ցլանոց» ռեստորանի մոտից բերման է ենթարկվել քրեական պատմություններով հայտնի «Վարդենիսցի Ռոմիկը»

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ այսօր, նոյեմբերի 4-ին, ոստիկության Գեղարքունիքի մարզային վարչության՝ վարչության պետ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ, ոստիկանության Ճամբարակի, Սևանի, Գավառի Վարդենիսի բաժինների քրեական հետախուզության, համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները Գեղարքունիքի մարզում իրականացրել են հատուկ օպերացիա, որի շրջանակում ձերբակալվել է Վարդենիս քաղաքի բնակիչ՝ 36-ամյա Ռոմիկ Մինասյանը, ով Գեղարքունիքի մարզում քրեական պատմություններով հայտնի մականունավոր «Վարդենիսցի Ռոմիկն» է։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է՝ նոյեմբերի 1-ին, ժամը 18։00-ի սահմաններում Ճամբարակ քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցում գտնվող «Սարգսյանների եղնիկ» արագ սննդի կետում իրեն պատկանող Mercedes մակնիշի ավտոմեքենայից սննդի կետ է տեղափոխել դեռևս չպարզված ինքնաձիգ, ապա մի քանի անձանց ներկայությամբ սենյակի պատուհանից անկանոն կրակոցներ է արձակել։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ռ. Մինասյանը հայտնաբերվել է Վարդենիսում հայտնի «Ցլանոց» կոչվող ռեստորանային համալիրի տարածքից, որտեղ հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Ճամբարակի բաժին, որտեղից էլ ներկայացվել է Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ հանցագործության գործիք հանդիսացող ինքնաձիգը հայտնաբերելու ուղղությամբ։

Կիսվել նյութով