Սեպտեմբերի 16-ը ոչ աշխատանքայի՞ն օր է․ ինչ պետք է իմանալ Մեռելոցի մասին
Ըստ եկեղեցական տոնացույցի՝ հինգ տաղավար տոներից հաջորդ օրը կոչվում է Մեռելոց։ Այդ օրը ննջեցյալների հոգու հանգստության և խաղաղության համար եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ և կատարվում հոգեհանգստյան կարգ։
Մեռելոցը նվիրված է ճշմարիտ և սուրբ հավատով ի Քրիստոս ննջածների հիշատակին։ Այդ օրը մարդիկ վերհիշում են իրենց ննջեցյալների հիշատակը և ողորմություն տալիս կարոտյալներին։ Հին Կտակարանի Մակաբայեցիների երկրորդ գրքում պատմվում է, որ Հուդա Մակաբայեցին, պատերազմում ընկածների հարության ակնկալիքով, իմաստուն քայլ կատարեց։
Նա հավատում էր, որ քաջությամբ ընկածները մեղքերի թողություն կստանան։ Հուդա Մակաբայեցին արծաթ հավաքեց և ուղարկեց Երուսաղեմ՝ ննջեցյալների մեղքերի համար պատարագ մատուցելու նպատակով (Բ Մակաբայեցիներ 12:43-46)։ Այսօր էլ Հայ եկեղեցում Մեռելոցի օրը հավատացյալները գրության մեջ նշում են իրենց ննջեցյալների անունները, որպեսզի նրանց անունները հիշատակվեն եկեղեցում մատուցվող Սուրբ Պատարագի ընթացքում։
Հոգեհանգստյան արարողության ժամանակ ընթերցվող հետևյալ հատվածը՝ «Հաստա՛տ իմացեք, որ եթե ցորենի հատիկը հողի մեջ չընկնի և չմեռնի, ինքը կմնա որպես առանձին հատիկ, իսկ երբ մեռնի, բազմաթիվ հատիկներ կտա» (Հովհաննես 12:24), ևս մեկ անգամ վկայում է Պողոս առաքյալի խոսքերը. «Որովհետև ինձ համար կյանքը Քրիստոսն է, ուստի և մեռնել, նշանակում է՝ շահել կյանքը» (Փիլիպպեցիներ 1:21):
Նշենք, որ Խաչվերացին հաջորդող երկուշաբթին աշխատանքային օր է լինելու։


