Մամուլ

«Ռուսաստանի իշխանությունները կաջակցեն Արա Աբրահամյանին այս ընտրություններին»

«Ռուսաստանի իշխանությունները կաջակցեն Արա Աբրահամյանին այս ընտրություններին»

1in.am-ը գրում է․ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, որը վերջերս պարբերաբար այցելում է Հայաստան, հայտարարել է, որ շատ ակտիվ մասնակցելու է Հայաստանում հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին:

Նա նաև ասել է, որ Հայաստանում մի շարք հանդիպումներ ունենալուց հետո մեկնելու է Հնդկաստան, Սաուդյան Արաբիա, Եգիպտոս, Ֆրանսիա, որտեղ ևս խորհրդակցություններ է ունենալու:

Պատերազմից հետո գրեթե ամեն օր Արա Աբրահամյանը հայտարարություններով է հանդես գալիս, քննադատում իշխանություններին, պահանջում Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Արա Աբրահամյանը նախկինների հետ չի գնա, այլ երրորդ ուժի կողմնակից է։

Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Russia-armenia.info լրատվական կայքի խմբագիր, Հայ-ռուսական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ, հասարակական գործիչ Արամ Խաչատրյանը՝ հավելելով, որ Ռուսաստանի հայերը Արա Աբրահամյանի ընտրական հավակնությունները ողջունում են։

ara abrahamyan

Նրա կարծիքով՝ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը լիովին իրավունք ունի ակտիվ մասնակցություն ունենալու Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններին, քանի որ նախ՝ հանդիսանում է Ռուսաստանում հայկական ամենամեծ միության ղեկավարը, փաստացի միությունը գործում է Ռուսաստանի գրեթե բոլոր մարզերում, երկրորդ՝ նա ունի ՀՀ քաղաքացիություն և երրորդ՝ նա հայտարարել է, որ քսան տարվա ընթացքում ակտիվ հումանիտար օգնություն է ցուցաբերել, պատերազմի ժամանակ եղել է Հայաստանում, օպերատիվ շտաբ է ստեղծել և հումանիտար օգնություն ցույց տվել Հայաստանին և Արցախին, և նա ունի մեծ նախագծեր և ծրագրեր, որոնք ուզում է Հայաստանում իրագործել։

«Այն, որ նա հայտարարել է, որ գնալու է Հնդկաստան, Սաուդյան Արաբիա, Եգիպտոս, Ֆրանսիա, հանդիպումներ է ունենալու, ցույց է տալիս, որ նա ուզում է իր քայլերը համաձայնեցնի ամբողջ Սփյուռքի հետ, նա միշտ հայտարարում է, որ շատ ընկերներ ունի, գործարարներ, որոնք պատրաստ են աջակցել Հայաստանին տնտեսական և ներդրումային հարցերում»,- ասաց Արամ Խաչատրյանը։

Իսկ թե ինչ են մտածում Ռուսաստանում նրա՝ ընտրություններին մասնակցելու վերաբերյալ, Արամ Խաչատրյանի գնահատմամբ, նա կունենա աջակցություն Ռուսաստանի իշխանություններից։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել նյութով