Ինչ նորություն կա Հովհաննես Սահակյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումից
«Զվարթնոց» օդանավակայանում ամիսներ առաջ ձերբակալված, ապա մեղադրյալի կարգավիճակ ձեռք բերած Հովհաննես Սահակյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է։ Նրա պաշտպան Կարինե Մարգարյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է այդ մասին՝ նշելով, որ հինգ ամիս տևած պայքարից հետո Հովհաննես Սահակյանի նկատմամաբ հարուցված հանրային քրեական հետապնդումը դադարեցվեց՝ մեղսագրվող արարքը վերջինիս կողմից կատարած չլինելու հիմքով։
Նշենք, որ դատարանն ավելի վաղ ոչ իրավաչափ էր ճանաչել նաև ձերբակալությունը։
Հիշեցնենք, որ «Շանթ»-ի հետ զրույցում ընտրությունների առիթով Երևան ժամանած Հովհաննես Սահակյանը հայտնել էր, որ Մոսկվայից եկել են մասնակցելու քվեարկությանը և նույն օրը պատրաստվում են վերադառնալ։
«Մոսկվայից եկել ենք ընտրենք, երեկոյան 7-ին հետ ենք վերադառնում»,- ասել էր նա։ Լրագրողի՝ «Նույն օրը՞» հարցին արձագանքելով՝ Սահակյանը նշել էր. «Անպայման, որ կարող ա խառնվի վիճակը, երեխեքի հետ ենք, չմնանք էլի բարդություններին»։ Ավելի ուշ, երբ Սահակյանը փորձել է վերադառնալ Մոսկվա, հենց օդանավակյանում ձերբակալվել էր։ Նախաձեռնվել էր քրեական վարույթ, որի շրջանակներում քրեական հետապնդում էր հարուցվել հանցագործության մասին իբրև իմանալու և չհայտնելու հատկանիշներով։ Սահակյանին ճանաչողները, սակայն, հայտնում էին, որ նա հեգնանքով էր նման հայտարարություն արել։


