Աշխարհ

Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հետ բանակցություններին

Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հետ բանակցություններին

Ռուսաստանի Դաշնությունը նախապաշարմունքներ չունի Ուկրաինայի հետ բանակցությունների վերաբերյալ, որոնք կներառեն «խնդիրների ավելի լայն շրջանակ»: Այս մասին ասված է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ հայտարարության մեջ, որը հնչեցրել է Կահիրեում կայացած մամուլի ասուլիսում։

«Ինչ վերաբերում է այս համաձայնագրի («հացահատիկի գործարքի») կապին Ուկրաինայում տիրող իրավիճակի այլ ասպեկտների հետ, ես արդեն ասել եմ, որ մենք որևէ նախապաշարմունք չունենք՝ վերսկսելու բանակցությունները հարցերի ավելի լայն շրջանակի շուրջ»,- ասել է նա։

Նրա խոսքով, ընտրությունն, իբր, մնում է Ուկրաինային և նրա արևմտյան գործընկերներին։ Լավրովը նաև սպառնացել է, որ որքան երկար Կիևը հրաժարվի բանակցություններից, այնքան շատ ուկրաինացիներ կմահանան պատերազմում։

rus ukraine

«Բայց դա մեզանից չէ կախված, քանի որ Ուկրաինայի իշխանությունները՝ նախագահից մինչև անթիվ խորհրդականներ, անընդհատ ասում են, որ բանակցություններ չեն լինի այնքան ժամանակ, քանի դեռ Ուկրաինան չի հաղթել Ռուսաստանին»,- ասել է Լավրովը Եգիպտոսի արտգործնախարարի հետ բանակցություններից հետո լրագրողների հետ զրույցում։

Նա նաև ընդգծել է, որ Մոսկվան չի խնդրում Արևմուտքին չեղարկել պատժամիջոցները, սակայն պարենային թեմայի շուրջ Արևմուտքը պետք է վերացնի իր իսկ ստեղծած խնդիրները:

«Մենք պարզապես հիմա կզարգացնենք մեր տնտեսությունը՝ հենվելով վստահելի գործընկերների վրա, այլ ոչ թե նրանց, ովքեր ևս մեկ անգամ ապացուցեցին իրենց լիակատար անկարողությունը բանակցելու», – հավելել է Լավրովը:

Share