Մամուլ

Ռեստորանի մենեջերը թքել է հաճախորդի սենդվիչի մեջ. վերջինս վարակվել է հերպեսով

ԱՄՆ Օկլահոմա նահանգում «Arby’s» արագ սննդի ռեստորանի նախկին մենեջեր Ամանդա Հենդրիքսին մեղադրանք է առաջադրվել հաճախորդի սնունդը դիտավորյալ աղտոտելու համար, հայտնում է New York Post-ը։ Ըստ քննության՝ Հենդրիքսը թքել է ավտոմեքենայից պատվեր կատարած 38-ամյա Ջեննիկա Չըրչի սենդվիչի մեջ։

Տուժողի պնդմամբ՝ սնունդն օգտագործելուց հետո իր բերանում ցավոտ խոցեր են առաջացել, և բժիշկներն ախտորոշել են հերպեսի վիրուս (HSV-1)։

Քանի որ կինը սենդվիչից տվել էր նաև իր ընտանիքի անդամներին, նրանք նույնպես վարակվելու վտանգի տակ են։

Միջադեպը բացահայտվել է այլ աշխատակիցների հաղորդմամբ, ում մոտ մենեջերը պարծեցել էր իր արարքով։

Տեսախցիկների ձայնագրությունները նույնպես ֆիքսել են, թե ինչպես է Հենդրիքսը կռանում սենդվիչի վրա։

Տուժողի փաստաբանը շեշտում է, որ ռեստորանի մյուս աշխատակիցները տեսել են կատարվածը, սակայն չեն կանխել պատվերի հանձնումը։

Չըրչը դատական հայց է ներկայացրել նախկին մենեջերի, ռեստորանային ցանցի և կառավարող ընկերության դեմ։ Գործի քննությունը շարունակվում է։

Կիսվեք ձեր էջում