Մամուլ

Ռազմական վարժարանի շենքը վաճառվո՞ւմ է

Ռազմական վարժարանի շենքը վաճառվո՞ւմ է

168.am-ը գրում է․ 2018 թվականի չարաբաստիկ իշխանափոխությունից հետո հայաստանյան լրահոսում ու սոցիալական կայքերում գրեթե յուրաքանչյուր օր մեկը մյուսի հետևից հայտնվում են աղմկոտ, խայտառակ ու ցավոտ նորություններ կամ «օդից կախված» լուրեր։

Դրանց տեղատարափն այնքան շատ է, որ ժամանակի ընթացքում ամիսներ, երբեմն էլ տարիներ առաջ լրահոսում աղմուկ հանած և հանրային զայրույթ ու անհանդուրժողականություն առաջացրած տեղեկատվությունից որոշները մի պահ դուրս են մնում տեսադաշտից։ Ու դրանից օգտվում են…

2019 թվականին լրահոսը ու սոցիալական կայքերը ցնցեց Դիլիջանում տեղակայված Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի գույքը կոմերցիոն նպատակներով օտարելու մասին լուրը։

Տեղեկություններ կային, որ Պետական գույքի կառավարման վարչությունն ակտիվ գործընթաց է սկսել այդ ուղղությամբ։ Ընդ որում պետք է հիշել, որ ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահը «նորընծա» իշխանական դեմքերից մեկի՝ Լենա Նազարյանի ամուսինն էր՝ Նարեկ Բաբայանը։

Վերջինս իր հարցազրույցներից մեկում նշել էր. «Ներկայիս տարածքում 8 հեկտարի վրա տեղակայված հազարավոր մետրերով կառուցված շինություններ են, որոնք ի սկզբանե նախատեսված էին որպես հյուրանոց: Այնտեղ կա 8 հարկանի 30 համարանոց հյուրանոց, որը փակի տակ է:

Այնտեղ կան 9 հյուրանոցային քոթեջներ, որոնք ըստ նշանակության չեն օգտագործվում: Կան շատ այլ հանգստյան պայմաններ, որոնք չեն օգտագործվում: Այսինքն, ծախս է արված, որն արդյունավետ չէ»։

Բաբայանը նշում էր, որ վարժարանը բյուջեից տարեկան 60 միլիոն դրամից ավելի պահպանման ծախսեր է տանում, և սրանից ելնելով` վարժարանի համար պետք է համապատասխան հարմարություններով այլ տարածք գտնել։

Այդ ընթացքում վարժարանի տարածքը պարբերաբար ներկայացվում էր հնարավոր գնորդներին, որպեսզի տեղում ծանոթանան պայմաններին: Սակայն 2019-ին հասարակության լայն շրջանակ, որը գիտակցում էր ռազմամարզական այս վարժարանի կարևորությունը բոլոր հնարավոր և անհնարին միջոցներով իր դժգոհության ու անհամաձայնության խոսքը կարողացավ լսելի դարձնել։ Գույքը օտարելու գործընթացը հետզհետե սառեցվեց։

Համեմատության համար պետք է նշել, որ 2017թ.-ին այդժամանակյա ՀՀ ՊՆ նախարար Վիգեն Սարգսյանի նախաձեռնությունն էր վարժարանը տեղափոխել ՊԵԿ-ի կողմից կառուցված Դիլիջանի նորակառույց, միջազգային չափորոշիչներին համապատասխան համալիր՝ այդ միջոցով ցույց տալու համար պետության հոգածությունը և ռազմական կրթության կարևորումը։

Համալիրի տարածքը ամբողջությամբ հարմարեցվեց ռազմամարզական վարժարանին անհրաժեշտ պայմաններին, հյուրանոցային համարները վերածվեցին 3-4 հոգանոց կացարանների, իսկ մյուս շինությունները՝ սպասարկող կառույցների։

Տարածքում գործում էր նաև «ԹՈՒՄՈ» ուսումնական կենտրոնը: Արդյունքում, 2017 թվականին վարժարան ընդունվեց ավելի քան 200 աշակերտ` մրցակցային պայմաններով:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Share