Արտակարգ դեպք՝ Երևանում․ հրդեհ է բռնկվել «Yerevan Place Hotel»-ի հարևանությամբ գտնվող շինություններից մեկում
Այսօր՝ նոյեմբերի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վազգեն Սարգսյան 26/1 հասցեում գտնվող «Yerevan Place Hotel»-ում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկից 3 մարտական հաշվարկ։
Տեղում պարզվել է որ հրդեհը բռնկվել է ոչ թէ «Yerevan Place Hotel»-ում, ինչպես որ հայտնել էին112 ահազանգած մի քանի քաղաքացիներ, այլ «Yerevan Place Hotel»-ին հարևանությամբ գտնվող շինություններից մեկում, որը կապ չունի «Yerevan Place Hotel»-ի հետ։
Դեպքի վայր է ժամանել նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։
Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա», «Տրանսգազ» և Երևանի ԳԳՄ-ի աշխատակիցները։
Ըստ նախնական տեղեկությունների հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան, հրդեհն էլ գազից չի առաջացել, քանի որ գազի արտահոսք չի եղել։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։


