Աշխարհ

Պեսկովը հերքում է. ՌԴ նախագահը նման բան չի ասել

Պեսկովը հերքում է. ՌԴ նախագահը նման բան չի ասել

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հերքել է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնի՝ հրթիռային հարվածի սպառնալիքի մասին հայտարարությունը:

«Այն, ինչ ասել է պարոն Ջոնսոնը, ճիշտ չէ, ավելի ճիշտ՝ սուտ է. ավելին՝ կա՛մ գիտակցված սուտ է. ի՞նչ նպատակով է նա ընտրել ներկայացման այդ տարբերակը։

Թե՞ անգիտակցաբար է եղել և նա փաստացի չի հասկացել՝ ինչի մասին է նախագահ Պուտինը խոսում իր հետ… Խոսելով ՌԴ անվտանգության մարտահրավերների մասին՝ ՌԴ նախագահը նշել է, որ մեր սահմանների մոտ ՆԱՏՕ-ի կամ ամերիկյան հրթիռների հնարավոր տեղակայումը կնշանակի, որ ցանկացած հրթիռ հաշված րոպեների ընթացքում կհասնի Մոսկվա»,- երկուշաբթի լրագրողների հետ զրույցում ասել է Պեսկովը։

Հիշեցնենք՝ Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը BBC-ի պատրաստած վավերագրական ֆիլմում հայտնել էր, որ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժումից առաջ հեռախոսազրույցի ժամանակ սպառնացել է իրեն:

«Ինչ-որ պահի նա սպառնաց ինձ և ասաց. «Բորի՛ս, ես չեմ ուզում քեզ ցավ պատճառել, բայց հրթիռով դա ընդամենը մեկ րոպե կպահանջի», կամ նման մի բան»,- Պուտինի խոսքերն էր մեջբերել Ջոնսոնը:

Այդ մեկնաբանությունը, ըստ Ջոնսոնի, հնչել էր իր այն նախազգուշացումից հետո, որ պատերազմն Ուկրաինայում կունենա աղետալի հետևանքներ, կհանգեցնի արևմտյան կոշտ պատժամիջոցների, ՆԱՏՕ-ի ուժերի ավելացման Ռուսաստանի սահմանների մոտ և այլն:

Կիսվել էջում