Մամուլ

Ողբերգական դեպք՝ Սյունիքի մարզում, ըստ ականատեսի՝ Տաթևի համայնքապետարանի աշխատակիցը նռնակը պայթեցնելու եղանակով ինքնասպան է եղել

Ողբերգական դեպք՝ Սյունիքի մարզում, ըստ ականատեսի՝ Տաթևի համայնքապետարանի աշխատակիցը նռնակը պայթեցնելու եղանակով ինքնասպան է եղել

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 11-ին արտակարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։

Ժամը 10։00-ի սահմաններում Գորիսի ԲԿ-ից ոստիկանության Գորիսի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների խումբը կանչով մեկնել է Շինուհայր գյուղ՝ նռնակի պայթյունից վիրավորում ստացած քաղաքացուն բուժօգնություն ցուցաբերելու համար։

Հասնելով դեպքի վայր՝ բժիշկները հայտնել են, որ այնտեղ հայտնաբերել են տղամարդու դի։ Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Գորիսի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ալեն Կարապետյանի գլխավորությամբ։

Ոստիկաներն ու քննիչները պարզել են, որ մահացածը Սյունիքի մարզի բնակիչ՝ 57-ամյա Պարգև Ս-ն է։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինս Շինուհայր գյուղի 11-րդ փողոցի 9-րդ շենքի ձախակողմյան հատվածում գտնվող, իրեն պատկանող հողատարածքում է եղել, երբ նկատել է, որ իր համագյուղացի Ա. Ղ-ն մոտենում է դեպի իր հողատարածքին։

Ըստ Ա. Ղ-ի՝ Պարգև Ս-ն հրահանգել է իրեն՝ չմոտենալ, հեռանալ տարածքից, որից հետո լսվել է պայթյունի ձայն։ Ա. Ղ-ն հայտնել է, որ հնարավոր է՝ պայթեցնելու եղանակով Պարգև Ս-ն ինքնասպան է եղել։

Դեպքի փաստով Գորիսի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ Դեպքի հանգամանքները պարզելու համար նշանակվել է դիակի դատաբժկական փորձաքննություն։

Արդյոք Ա. Ղ-ի հայտնած տեղեկությունը համապատասխանում է իրականությանը, և տեղի ունեցածը ինքնասպանություն է, թե դժբախտ պատահար, պարզվում է։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Պարգև Ս-ն աշխատում էր Տաթևի համայնքապետարանում։

Կիսվել էջում