Մամուլ

Ողբերգական ավտովթար Արմավիրի մարզում. բախվել են Էջմիածին-Երևան երթուղու մարդատար Gazel-ն ու Mercedes Sprinter-ը, կա 1 զոհ, 7 վիրավոր

Ողբերգական ավտովթար Արմավիրի մարզում. բախվել են Էջմիածին-Երևան երթուղու մարդատար Gazel-ն ու Mercedes Sprinter-ը, կա 1 զոհ, 7 վիրավոր

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ հունվարի 20-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 17։10-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի Զվարթնոցի վարչական տարածքում բախվել են Էջմիածին-Երևան երթուղին սպասարկող թիվ 203 Gazel-ն ու Mercedes Sprinter-ը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, և ըստ դեպքի վայրում հավաքվածների, 7 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են մի մասը՝ «Վաղարշապատ» ԲԿ, մի մասը՝ Երևանի տարբեր հիվանդանոցներ։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, և օպերատիվ են գործել «Վաղարշապատ» ԲԿ-ի բժիշկների հերթապահ խումբը։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ 

Փրկարարները վիրավորներից մի քանիսին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենաներին, ապա հոսանքազրկել են ավտոմեքենաներն ու սահմանազատել տարածքը։

Վթարի մասին ՀՀ ՆԳՆ ՃՈ 1-77 օպերատիվ կառավարաման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արայիկ Վերդյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ մարզային վարչության պետ Սամվել Սիմոնյանի, Վաղարշապատի քննչական բաժնի պետ Դավիթ Բարոյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի, վարորդների և վիրավորների ինքնությունը։

Այս պահին դեպքի վայրի զննություն են կատարում Վաղարշապատի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետի տեղակալ Գևորգ Գաբրիելյանի և ՀԿԳ ավագ քննիչներ Վլադիմիր Ավետիսյանի, Մարտիրոս Մանասյանի և Աբրահամ Արտուշյանի գլխավորությամբ։

Կիսվել նյութով