Մամուլ

Ողբերգական ավտովթար Արարատի մարզում․ Mercedes-ը բախվել է բետոնե հենասյուներին, մի քանի պտույտ գլորվել․ կա զոհ

Ողբերգական ավտովթար Արարատի մարզում․ Mercedes-ը բախվել է բետոնե հենասյուներին, մի քանի պտույտ գլորվել․ կա զոհ

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ հունվարի 20-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13։20-ի սահմաններում Mercedes մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ավտոճանապարհի 36 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե մի քանի հենասյուների և կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, ում մարմինը հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Արտաշատի թիվ 23 հրշեջ- փրկարարական ջոկատի փրկարարները։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի տեսուչներ Արմեն Հարությունյանը, Դավիթ Արշակյանն ու Կարեն Մարգարյանը, ովքեր սահմանազատել են տարածքը։

Դեպքի վայր է ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանն ու Ոստիկանության Արարատի բաժնի պետ Ֆիլիպպ Ստեփանյանը։

Վթարի մասին ՀՀ ՆԳՆ ՃՈ 1-77 օպերատիվ կառավարաման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արայիկ Վերդյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի գլխավորությամբ։

Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը, արդյոք նա վարորդն է, և արդյոք վթարի հետևանքով այլ տուժած կամ տուժածներ կան։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը Արարատի մարզի բնակիչ 36-ամյա Մուշեղ Ս․-ն է։Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվում է Ոստիկանության Արարատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Կիսվել էջում