Նոյեմբերի 15-ից վարորդները պարտավոր են երթևեկել ձմեռային անվադողերով․ ինչ պատիժ է սահմանվել
ArmLur.am-ին տեղեկություններով՝ նոյեմբերի 15-ից կմեկնարկի խստացված վերահսկողություն՝ ձմեռային անվադողերով երթևեկելու պարտադիր պահանջը չկատարող վարորդների նկատմամբ։
Հիշեցնենք, որ այսուհետ առանց համապատասխան անվադողերի ճանապարհ դուրս եկած վարորդները կարող են բախվել վարչական պատասխանատվության, իսկ նրանց տրանսպորտային միջոցների շահագործումը կարգելվի։
Պահանջը վերաբերում է թեթև մարդատար ավտոմեքենաներին, ինչպես նաև մինչև 3,5 տոննա թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատարներին։ Նշված տրանսպորտային միջոցների վրա պետք է տեղադրված լինեն ձմեռային անվադողեր։
Սակայն միայն ձմեռային անվադող տեղադրելը բավարար չէ։ Սառցակալած կամ ձյունածածկ ճանապարհներին երթևեկելիս անվադողերի նախշանկարի մնացորդային բարձրությունը պետք է լինի 4 միլիմետրից ավելի։ Հակառակ դեպքում մեքենայի շահագործումը նույնպես կարգելվի։
Նշենք, որ սահմանված պահանջը գործելու է մինչև 2027 թվականի մարտի 31-ը ներառյալ։ Դրա խախտման համար նախատեսված են վարչական պատասխանատվության միջոցներ։
ՆԳՆ ոստիկանությունը վարորդներին հորդորում է չսպասել եղանակային պայմանների կտրուկ վատթարացմանը և ժամանակին փոխել անվադողերը՝ ապահովելով ինչպես սեփական, այնպես էլ ճանապարհային երթևեկության մյուս մասնակիցների անվտանգությունը։
Փաստորեն, նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերի հարցն այլևս միայն վարորդի նախընտրության կամ անվտանգության լրացուցիչ միջոցի խնդիր չէ․ այն օրենքով սահմանված պարտադիր պահանջ է։


