Մամուլ

Մենք կարող ենք շաբաթների ընթացքում կորցնել ոչ միայն ամբողջ Արցախը, այլև Սյունիքը, Գեղարքունիքի, Վայոց Ձորի ու Տավուշի կեսը

Մենք կարող ենք շաբաթների ընթացքում կորցնել ոչ միայն ամբողջ Արցախը, այլև Սյունիքը, Գեղարքունիքի, Վայոց Ձորի ու Տավուշի կեսը

Լրագող Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Քանի որ մեր իրականության մեջ ամեն ինչ շատ ավելի ծանր վիճակում է, քան հանրությունը պատկերացնում է, ստիպված եմ որոշ իրողությունների ու որոշ կարծիքների մասին բացահայտ խոսել։

Միաժամանակ պետք է շեշտեմ, որ մեծ հաշվով ինձ համար միևնույն է, թե մարդկանց մի խումբ ռուսամետ է անվանում։ Մարդիկ չգիտեն իրականության ներսը և իրենց համար եզրակացություններ են կազմում հստակ քարոզչական տեխնոլոգիաների կիրառմամբ հրապարակումներից։

Իրականում մենք կարող ենք շաբաթների ընթացքում կորցնել ոչ միայն ամբողջ Արցախը, այլև Սյունիքը, Գեղարքունիքի, Վայոց Ձորի ու Տավուշի կեսը։ Եթե ձեզ հետաքրքիր է ամբողջ իրականությունը, ապա ավելի մանրամասնեմ։

Մարդիկ հիմնականում հավատում են այն տեղեկատվությանը, ինչը իրենց դուր է գալիս։ Դրա վկայությունն է սոցիալական ցանցերում լցված ու միլիոնավոր դիտումներ ունեցող այն աղբը, ըստ որի, իբր Նիկոլը ծնկի բերեց Էրդողանին, կամ շուտով Թուրքիան մեզ կվերադարձնի ամբողջ Արևմտյան Հայաստանը։

2020-ի նոյեմբերի 10-ին իմ մի քանի «խելացի» ազգականներ համոզում էին, թե պետք չի նեղվել Փաշինյանի դավաճանությունից, շուտով Արցախի փոխարեն մենք կստանանք Նախիջևանն ու Արարատ սարը։

Հասկանում եք, չէ՞, թե ինչպիսի տգիտության և ուղղորդված քարոզչության հետ գործ ունենք, որոնց հետևում, ի դեպ, նստած է հենց թշնամու ագենտուրան։

Օրեցօր ավելանում են Ռուսաստանը հայհոյող և Հայաստանի ապագան Արևմուտքի հետ կապող մարդիկ։ Պարզ է, ռուսները քարոզելուց զրո են, իսկ ԱՄՆ-ն այստեղ գործի է դրել իր ամբողջ քարոզչական ապարատը։ Այդ քարոզչության ազդեցության տակ էլ շատ մարդիկ ինձ, օրինակ, համարում են ռուսամետ կամ ռուսների համար աշխատող։ Ինչևէ, չեմ արձագանքում, քանի որ այդ մարդկանց կարծիքից առավել հիմա իմ երկրի լինել-չլինելու հարցն է։

Իրականում մեր տարածաշրջանը երբևէ չի կարող դուրս գալ ռուսական ուղեծրից։ Ռուսները նույն ճակատագրին մեզ կարժանացնեն, ինչպես եղավ Ուկրաինայի դեպքում։ Մարդիկ չեն կարող հասկանալ, որ եթե Ռուսաստանը հեռացավ Ուկրաինայից կամ մեր տարածաշրջանից, ապա մի քանի տարի անց սկսվելու է նույն Ռուսաստանի մասնատումը։

Եթե ձեզ թվում է, թե դա նույն ռուսները չեն հասկանում, կամ մեր ճղճղոցներից կթողնեն, կհեռանան, կամ ռուսների հեռանալուց հետո ամերիկացիները կամ բրիտանացիները կգան մեզ տեր կկանգնեն, ապա դուք ոչինչ չեք հասկանում կայսրությունների քաղաքականությունից, աշխարհի վերաբաժանումից ու փոքր երկրների կործանումից։

Մի քանի ամիս առաջ, երբ զօրուգիշեր խոսում էի Բերձորի մասին, էլի կային մարդիկ հենց Բերձորում, որոնք ինձ մեղադրում էին, թե մարդկանց խուճապի եմ մատնում, չեմ թողնում հանգիստ ապրեն։ Ես երբեք չէի ցանկանա, որ Բերձորը հանձնվի, որպեսզի մարդիկ հավատան իմ ճշմարտացիությանը։ Բերձորը հանձնելու օրերին նույն այդ մարդիկ մոտենում ու խոստովանում էին, որ սխալվել են։ Արդեն ուշ էր։ Չեմ ուզենա, որ ամբողջ Հայաստանի առումով նույնը կրկնվի։

Երբ ես պահում եմ ռուսական թևը, դա ամենևին չի նշանակում, որ ռուսամետ եմ, ուղղակի ձեզնից շատերից մի քիչ ավելի շատ տեղեկություններ ունեմ գործընթացների մասին, ավելի շատ գիտեմ, թե ինչ են քաղաքական խոհանոցներում խոսում ամերիկացիները, ռուսները, բրիտանացիները, չինացիները, իրանցիները, թուրքերը․․․ Իսկ դուք գիտե՞ք։

Իհարկե, գիտեք այն, ինչ ձեզ ասում են Հայաստանից գնացած ու հիմնականում Եվրոպայում ու ԱՄՆ-ում ապրող բլոգերները՝ իրենց հայհոյանքով ու ատելության խոսքով։ Դա է ձեր հավատի աղբյուրը, որովհետև սիրում եք լսել այն, ինչ հաճելի է, սիրում եք կուլ տալ քաղցր թույնը, ու ամենևին կարևոր չէ, որ քիչ անց մեռնելու եք։

Ուզո՞ւմ եք իմանալ, որ ԱՄՆ-ն փակ բանակցությունների ժամանակ Հայաստանի առաջ դրել է՝ ձեր ճակատագիրը մեզ հետաքրքիր չէ, դուք պետք է հրաժարվեք Արցախից, Սյունիքը տվեք ՆԱՏՕ-ի անվտանգային վերահսկողությանը (թուրքերը՝ ՆԱՏՕ-ի համազգեստով), հեռացրեք ռուսներին Հայաստանից, մենք 10 տարվա ընթացքում Հայաստան կբերենք 20 մլրդ դոլար, դուք կուշտ կապրեք։ Կարևորը՝ ռուսներին հեռացնեք տարածաշրջանից։

Իսկ ուզո՞ւմ եք իմանալ, որ Ռուսաստանն ասում է՝ ինձ հետաքրքիր չեն ոչ Հայաստանը, ոչ Ադրբեջանը։ Ռուսաստանին հետաքրքիր է 2 բան․

1․ Տարածաշրջանը պահել իր հսկողության տակ։

2․ Թույլ չտալ, որ տարածաշրջանում Թուրքիան հզորանա։

Հիմա լիքը մարդ կասի՝ բա ինչո՞ւ է Ռուսաստանը այդպես ջերմ հարաբերություններ պահում Թուրքիայի ու Ադրբեջանի հետ։

Իհարկե, դուք քաղաքականությանը վերաբերվում եք ինչպես մարդկային հարաբերություններին՝ եթե մեկը ինձ թշնամի է, ապա պետք է ցույց տամ դա․․․ Բայց ախր պետք է նայեք մեր փոքրիկ քաղաքական դաշտը և դա պրոյեկտեք աշխարհի օրինակով։

Տեսեք, Էդմոն Մարուքյանն ու Ալեն Սիմոյանը միմյանց անբարոյականի վաստակ էին ասում։ Թշնամի՞ են։ Բա ինչո՞ւ մի քանի ամիս անց միմյանց գրկած պաշտոններ են վայելում։

Հասկանո՞ւմ եք, որ նույնը մեծ քաղաքականության մեջ է։ Նույնը ռուսների ու թուրքերի մեջ է։ 2015-ին Թուրքիան ոչնչացրեց ռուսական կործանիչը, 2 ռուսների սպանեց, սպանեց նաև ՌԴ դեսպանին։ Ի՞նչ եղավ։ Այդ պահին՝ ոչինչ, բայց ամիսներ անց ռուսական կործանիչները հողին հավասարացրին մի քանի թուրքական գյուղ, 100-ից ավելի թուրք զինվորների և այլն։

Ռուսներին հիմա շատ պետք է խաղաղ լինել Թուրքիայի հետ, մինչև գրավեն Ուկրաինայի սևծովյան ափերն ամբողջությամբ։ Մնացել է Օդեսան, դա էլ գրավեն, Ուկրաինան ամբողջությամբ կտրվելու է Սև ծովից։ Ու գիտե՞ք, թե ինչու է Թուրքիան օրական տանսյակ Բայրաքթարներ ուղարկում Ուկրաինա, որ ռուսների դեմ լավ պայքարեն։

Հետո՞ ինչ, որ Պուտինն ու Էրդողանը միմյանց սեր են խոստովանում։

Ախր դուք նաև չգիտեք Ռուսաստանի աշխարհաքաղաքական մեխանիզմը, որ կոչվում է՝ ԹՇՆԱՄՈՒՆ ԽԵՂԴԻՐ ԳՐԿԻԴ ՄԵՋ։ Դա գիտե՞ք որն է։ Երբ մարդուն բարեկամի անվան տակ այնքան ամուր ես սեղմում կրծքիդ, որ շունչը կտրվում ու մեռնում է։ փորձե՞լ եք։

Ախր դուք չգիտեք, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի 2-րդ ամենամեծ բանակ ունեցող երկիրն է, և մեր տարածաշրջանին տիրանալու համար մի կողմից պայքարում են՝ ԱՄՆ, Թուրքիա, Ֆրանսիա, Բրիտանիա, Գերմանիա, այլ երկրներ խումբը, մյուս կողմից՝ Ռուսաստանը, Չինաստանը, Իրանը։

Ախր դուք պետք է ներքին ինֆո ունենաք, որ իմանաք՝ Հայաստանը պատառ-պատառ են անելու Ռուսաստանն ու ԱՄՆ-ն, ու այդ գործում մենք ոչ մեկին պետք չենք։

Ուղղակի պետք է իմանաք, որ եթե ռուսներն այստեղ իրենց զորքերն ունեն և նրանց այստեղ մնալն իրենց համար գոյության կռիվ է, ապա ԱՄՆ-ի դեպքում խնդիր ունեն տարածաշրջանից հանել ռուսներին ու 10 տարվա ընթացքում մասնատել Հյուսիսային Կովկասում։ Կասեք՝ մեզ ինչ։ Համամիտ եմ, բայց ԱՄՆ-ն թքած ունի մեզ վրա՝ այս փոքրիկ երկիրը հանձնելով Թուրքիային։ Հասկանում ե՞ք, թե դա ինչ է նշանակելու։

Հասկանո՞ւմ եք, որ այսօրվա քարոզչական աղբի զոհը դառնալով՝ դուք օգտագործվում եք գերտերությունների կողմից ու մասնակից եք դառնում Հայաստանի ամբողջական կործանմանը, ինչպես որ 2018-ին ձեզնից շատերը օգտագործվեցին այսպես կոչված հեղափոխության մեջ ու մասնակից դարձան պայմանավորված պատերազմով Արցախի մեծ մասը հանձնելուն, 5000 հայ զինվորների մահվան ծրագրին։

Մտածեք, հետո էլի տեղեկություններ կտամ, երևի ձեզ շոկային ինֆորմացիաներ են պետք, որ ռուսի ու ամերիկացիների օգտին խոսելու փոխարեն հասկանաք՝ կործանվում ենք, ժողովուրդ»։

Կիսվել նյութով