«Մատս դռան ու պետլիի արանքում մնաց». ինչ է տեղի ունեցել 33 համարի ավտոբուսում
Ինչպես արդեն հայտնել էինք, Երևանի 33 համարի երթուղին սպասարկող ավտոբուսում ուղևորի մատը մնացել է դռան արանքում և լրջորեն վնասվել։
41-ամյա Արամ Այվազյանը մատը գրեթե կորցնելու վտանգի առաջ է կանգնել ավտոբուսում տեղի ունեցած պատահարի հետևանքով։ Օրեր առաջ առավոտյան նա աշխատանքի գնալիս է եղել Երևանի 33 համարի ավտոբուսով, երբ տեղի է ունեցել դեպքը։
«Մարդիկ այնքան շատ էին, որ բրդեցին, ինձ հրեցին։ Այդ պահին ձեռս գցեցի դռան վերևից, որ բռնվեմ, որովհետև ինչ-որ տեղից պետք է բռնվես։ Մատս մնաց դռան արանքում։ Հետո մոռացել էի մատս։ Դուռը փակվեց, վարորդը դուռը փակեց։ Մարդիկ գոռացել են, որ մատս մնացել է դռան մեջ, բայց վարորդը քշել, գնացել է»,- պատմել է Արամը։
Տղամարդը կանգառում անձեռոցիկով փաթաթել է ծանր վնասված մատը, ապա տաքսիով գնացել «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Բժիշկները նախնական ախտորոշել են աջ ձեռքի 2-րդ մատի պալանգի վնասվածքային անդամահատում և այն վերականգնելու նպատակով իրականացրել վիրահատական միջամտություն։
Արամը զարմացել է, թե ինչու հիվանդանոցից ոստիկանություն չեն ահազանգել։ Նրա խոսքով՝ «Աստղիկ» բժշկական կենտրոնում այդ հարցին որևէ արձագանք չեն տվել։
Տուն վերադառնալուց օրեր անց, երբ հասկացել է, որ դեպքի մասին հիվանդանոցից իրավապահներին այդպես էլ չեն տեղեկացրել, Արամն անձամբ դիմել է ոստիկանություն՝ բողոք ներկայացնելով։
Վիրահատությունից առաջ տղամարդը դիմել է նաև Երևանի քաղաքապետարան՝ ակնկալելով, որ քաղաքային իշխանությունը պատասխանատվություն կստանձնի հանրային տրանսպորտում տեղի ունեցած դեպքի համար և կօգնի հոգալ բուժման ծախսերը։ Սակայն, նրա խոսքով, քաղաքապետարանից իրեն պատասխանել են, որ «դա իրենց հետ կապ չունի»։
Տեսանյութը ստորև․


