Մամուլ

Ձերբակալման իրավաչափ նպատակ չեմ տեսնում, նախատեսում եմ բողոքարկել․ Գագիկ Խաչատրյանի փաստաբան

Ձերբակալման իրավաչափ նպատակ չեմ տեսնում, նախատեսում եմ բողոքարկել․ Գագիկ Խաչատրյանի փաստաբան: Այս մասին ԱԱԾ շենքի դիմաց լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Գագիկ Խաչատրյանի փաստաբան Երեմ Սարգսյանը։

Նա նշեց, որ օրենսդրությամբ նախատեսվում է անձին ձերբակալել՝ կանխելու համար հանցագործությունը կամ հանցագործությունից անմիջապես հետո, եթե կան կասկածներ, որ անձը կարող է թաքնվել վարույթ իրականացնող մարմնից կամ փախուստի դիմել։

Ըստ փաստաբանի, ենթադրյալ չարաշահումները կատարվել են 2010, 2016 թվականներին, այսինքն՝ դրանք կանխելու նպատակ չէր կարող դրվել, և բացի այդ՝ առաջին իսկ զանգից հետո Գերմանիայում բուժում ստանող Գագիկ Խաչատրյանը վերադարձել է Հայաստան և ներկայացել իրավապահ մարմիններին։

ԱԱԾ-ն առավոտից հետախուզական գործողություններ է իրականացրել Գագիկ Խաչատրյանի բնակության հասցեներում։ Իմ գնահատմամբ, էնպիսի առարկաներ չկային, որ գործի համար էական նշանակություն ունենային, հայտնաբերել են օրինական կարգով Գագիկ Խաչատրյանին պատկանող զենքեր, մեծ հաշվով այդքանը։

Գործին առնչվող փաստաթղթեր էին ման գալիս, որոնք չկային և հետևաբար առգրավում չի եղել։

Փաստաբանը տեղեկացրեց, որ Գագիկ Խաչատրյանի առողջական խնդիրները բավականին լուրջ են․ «2015 թվականից առնվազն 4 վիրահատություն է տարել։ Ողնաշարի, պարանոցի հատվածի հենաշարժողական խնդիրներ ունի, կան բազմաթիվ փաստաթղթեր, որոնք վկայում են, որ հետագա բուժումը չշարունակելու դեպքում կարող է հաշմանդամության հանգեցնել։

Սրանք հիմնավոր փաստաթղթեր են, որոնք ներկայացվել են նաև վարույթ իրականացնող մարմնին։ Կարծում եմ, որ էստեղ պետք է խիստ զգուշավորություն ցուցաբերի վարույթն իրականացնող մարմինը, քանի որ այդ հիվանդությունները բավականին ծանր են և այսօր վարույթն իրականցնող մարմինը ինքն էլ ականատես է եղել այդ բարդություններին։

Գագիկ Խաչատրյանը նաև Հայաստանում է որոշակի հետազոտություններ անցել և արձանագրվել է, որ հիվանդությունների վատթարացում է գնում։ Գերմանիայի կլինիկայի պրոֆեսորի տեղեկանք կա, որ նա պետք է պարտադիր բժշկական հսկողության տակ լինի, որովհետև այդ հիվանդությունները անկանխատեսելի ելք են ունենում։

Կիսվել էջում