Մամուլ

Հայտնի է՝ մինչև երբ կենսաթոշակառուները հետվճար կստանան

Կենսաթոշակառուների՝ անկանխիկ եղանակով կատարված գնումների և վճարումների դիմաց հետվճարի տրամադրման ծրագիրը առաջարկվում է երկարաձգել մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2339-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու նախագծով նախատեսվում է ևս մեկ տարով երկարաձգել կենսաթոշակառուներին անկանխիկ վճարումներից հետվճար տրամադրելու միջոցառումը։

Ի՞նչ է առաջարկվում փոխել

Գործող կարգավորմամբ կենսաթոշակառուներին անկանխիկ վճարումներից հետվճար տրամադրելու միջոցառումն իրականացվում է մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը, իսկ հետվճարների հաշվարկն ու վճարումը նախատեսված են մինչև 2026 թվականի դեկտեմբեր ամիսը ներառյալ։

Նախագծով առաջարկվում է միջոցառման իրականացման ժամկետը երկարաձգել մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ, ինչպես նաև հետվճարների հաշվարկման և վճարման ժամանակահատվածը՝ մինչև 2027 թվականի դեկտեմբեր ամիսը ներառյալ։

Այսպիսով, կենսաթոշակառուները 2027 թվականին ևս կշարունակեն իրենց կենսաթոշակային քարտերով անկանխիկ գնումների և վճարումների դիմաց հետվճար ստանալ։

Կփոխվե՞ն հետվճարի պայմաններն ու չափը

Նախագծով հետվճարի տրամադրման գործող պայմանները, չափը և հաշվարկման կարգը չեն փոփոխվում։ Կշարունակեն գործել ներկայումս սահմանված մեխանիզմները, պարզապես կերկարաձգվի դրանց կիրառման ժամկետը։

Ինչո՞ւ է առաջարկվում փոփոխությունը

Նախագծի հիմնավորման համաձայն՝ միջոցառման շարունակականության ապահովման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ առաջարկվում է այն երկարաձգել ևս մեկ տարով։

Միջոցառման իրականացումը նպաստում է կենսաթոշակների չափերի ավելացմանը, ինչպես նաև կենսաթոշակառուների շրջանում անկանխիկ վճարումների թվի և ծավալների ընդլայնմանը։

Ինչպե՞ս է ֆինանսավորվելու ծրագիրը

2027 թվականին միջոցառման իրականացման համար անհրաժեշտ ծախսերը նախատեսվելու են Հայաստանի Հանրապետության 2027-2029 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրին համապատասխան։

Ե՞րբ կգործի փոփոխությունը

Նախագծով առաջարկվող փոփոխությունների ընդունման դեպքում կենսաթոշակառուների անկանխիկ գնումների և վճարումների դիմաց հետվճարի տրամադրման ծրագիրը կշարունակվի մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ։

Կիսվեք ձեր էջում