Անի Ավետիսյանը հայտնել է, որ ուզում է Երևանին մոտ տուն ունենալ. ինչ է արել պետությունը նրա համար. մանրամասներ
Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորում ստացած կինը՝ Անի Ավետիսյանը, լրատվամիջոցների հետ զրույցում դժգոհել է, թե պետությունից աջակցություն չի ստանում, և որ ինքն ու իր ընտանիքը հայտնվել են բարդ իրավիճակում:
Ըստ նրա՝ Շաքիում վարձակալած տնից իրենց դուրս են հանում վարձը չվճարելու պատճառով:
Հարցի առնչությամբ «Հայկական ժամանակ»-ը կապ է հաստատել ՀՀ առողջապահության նախարարություն: Նախարարի մամուլի քարտուղար Մարիամ Ծատրյանը, «Հայկական ժամանակ»-ի հարցերին ի պատասխան, ասել է.
«Դեպքի օրվանից Սիսիանի բժշկական կենտրոնում ցուցաբերված առաջնային բուժօգնության կազմակերպումից մինչև «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն պատշաճ տեղափոխում, այնուհետև համակողմանի հետազոտություններ, նախավիրահատական շրջան, վիրահատություններ ու հետվիրահատական շրջան. ամենն արվել է պետության աջակցությամբ, բարձր պրոֆեսիոնալիզմով և առանձնահատուկ հոգատարությամբ:
Բժշկական կենտրոնը պարբերաբար բոլոր փուլերի մասին զեկուցել է նախարարին:
Անիի ընտանիքին այցելելուց բացի՝ նախարարի հանձնարարականով մանկական հոգեբանության գծով մեր մասնագետներն են տնայց կազմակերպել և տրամադրել անհրաժեշտ խորհրդատվություն:
Ինքս հաճախ կապի մեջ եմ եղել Անիի մոր՝ տիկին Մանուշակի հետ, առաջացած ընթացիկ առողջապահական հարցերին տվել ենք լուծումներ:
Նախարարի՝ որպես կին և մայր տրամադրած օգնության մասին էլ, անկեղծ ասած, չեմ ուզում խոսել:
Անիին շուտ ապաքինում ենք մաղթում»:
Հարցի առնչությամբ «Հայկական ժամանակ»-ը կապ է հաստատել նաև Աշխատանքի և բարեկեցության նախարարություն:
Նախարարի մամուլի քարտուղար Նվեր Կոստանյանը մեզ հետ զրույցում հայտնել է, որ Անի Ավետիսյանը իրենց հետ զրույցներում ասել է՝ Սիսիան համայնքի Շաքի բնակավայրում ընտանիքը բնակվում է վարձակալական հիմունքներով, տունը կիսաքանդ է և ունի վերանորոգման անհրաժեշտություն, սակայն հիվանդանոցից դուրս գրվելուց հետո չի պլանավորում վերադառնալ Շաքի, քանի որ բուժման հետագա ընթացքով պայմանավորված՝ ունի մոտ բնակավայրում տեղակայվելու խնդիր, բայց նոր բնակարան վարձակալելու համար ընտանիքը չունի բավարար ֆինանսական միջոցներ:
Անի Ավետիսյանը հայտնել է, որ ցանկանում է Երևանին մոտ գտնվող որևէ բնակավայրում ունենալ սեփական տուն, որպեսզի հետագայում կարողանա Շաքի համայնքում իր ընտանիքի հիմնած փոքր հյուրատունը տեղափոխել նոր բնակավայր:
«Պարբերաբար տնայցեր ու կարիքի գնահատում է արվում, խորհրդատվություն է տրվել անձի ֆունկցիոնալության գնահատման պրոցեսով անցնելու հետ կապված: Նաև պարբերաբար հոգեբանական աշխատանք է տարվում երեխաների հետ»,- մանրամասնել է Կոստանյանը:


