«Ինձ վախեցրել ու խոշտանգել են»․ Գևորգ Հարությունյանի աղմկահարույց հայտարարությունը
Փարաքարի նախկին համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով դատական գործընթացը շարունակում է ուշագրավ զարգացումներ ունենալ։
Այսօր՝ նոյեմբերի 25-ին, դատարանում շարունակվել է գործով դատական նիստը, որի ընթացքում սպանության մեջ մեղադրվող Գևորգ Հարությունյանը հերթական անգամ անդրադարձել է նախաքննության ընթացքում իր տված ցուցմունքներին՝ հայտարարելով, որ դրանցից հրաժարվում է։
Հարությունյանի խոսքով՝ նախաքննական փուլում իր ներկայացրած պատմությունները իրականությանը չեն համապատասխանել, իսկ տեղի զննության ժամանակ ցույց տված վայրերն ու հանգամանքները եղել են նախապես իրեն թելադրված։
«Ես հրաժարվում եմ նախաքննական փուլում իմ տված բոլոր ցուցմունքներից, տեղի զննության բոլոր ցուցմունքներից, որովհետև այդ ամբողջը սուտ էր, անգիր արած տեքստեր էին, ցույց տված տեղեր էին։ Պնդում եմ դատարանում տված իմ ցուցմունքը, որը լրիվ ճշմարտություն է»,- հայտարարել է նա։
Մեղադրյալը պնդել է, որ նախկինում չի կարողացել ճշմարտությունն ասել, քանի որ ենթարկվել է ճնշումների, վախեցվել և խոշտանգվել։ Ավելին՝ նրա խոսքով՝ նույնիսկ փաստաբանի ներկայությամբ տված ցուցմունքներն իրականությանը չեն համապատասխանել։
«Ես ցուցմունքի ժամանակ ռիսկի չէի կարող գնալ, վախեցրել էին, խոշտանգել էին, անցած դատավարության ժամանակ ասել եմ»,- նշել է Հարությունյանը։
Հիշեցնենք, որ գործով նախորդ դատական նիստերի ընթացքում Հարությունյանը մի շարք ծանր մեղադրանքներ էր հնչեցրել իրավապահ համակարգի ներկայացուցիչների հասցեին։ Նրա պնդմամբ՝ իրեն ստիպել են ստանձնել սպանության պատասխանատվությունը՝ սպառնալով ընտանիքի անդամներին։ Նա դատարանում հայտարարել էր, թե իր նկատմամբ ճնշումներ են գործադրվել, իսկ նախաքննական ցուցմունքների բովանդակությունը նախապես թելադրվել է։
Հարությունյանի պատմածով՝ իրեն նույնիսկ տարել են Մերձավանի դաշտեր և ցույց տվել այն վայրը, որտեղ հետագայում պետք է հայտնաբերվեր զենքը։ Նա նաև պնդել էր, որ իրեն նախապես ուղղորդել են՝ ինչ պատմություն ներկայացնել դեպքի վայրից փախուստի և սպանության հանգամանքների վերաբերյալ։
Առանձնահատուկ ուշագրավ է նաև այն, որ նախաքննության ընթացքում Հարությունյանը մանրամասն նկարագրել էր սպանության օրը տեղի ունեցածը։ Հրապարակված ցուցմունքների համաձայն՝ նա պատմել էր, որ կրակել է Վալոդյա Գրիգորյանի և նրա ուղեկիցների ուղղությամբ, ապա մոտեցել Գրիգորյանին՝ հասկանալու՝ կենդանի՞ է, թե՞ ոչ։ Նրա խոսքով՝ դրանից հետո հեռացել է դեպքի վայրից։
Սակայն այսօր նա պնդում է, որ նախաքննական այդ ցուցմունքները կեղծ են եղել, իսկ իրականությունը ներկայացրել է արդեն դատարանում։
Ստացվում է՝ Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով առանցքային հարցերից մեկը շարունակում է մնալ հենց Գևորգ Հարությունյանի ցուցմունքների արժանահավատությունը։ Մի կողմից՝ նախաքննության ընթացքում ներկայացված մանրամասն պատմությունը, մյուս կողմից՝ դատարանում հնչեցված պնդումները՝ ճնշումների, սպառնալիքների և խոշտանգումների մասին։
Հարությունյանի հայտարարությունները լուրջ հարցեր են առաջացնում նախաքննության օրինականության, ցուցմունքների ձեռքբերման պայմանների և գործի քննության ամբողջ ընթացքի վերաբերյալ։ Այժմ դատարանի առաջ խնդիր է դրված պարզելու՝ դրանցից որոնք են համապատասխանում իրականությանը, և ինչ հանգամանքներում են ձևավորվել մեղադրյալի նախկին ցուցմունքները։
Մի բան ակնհայտ է՝ այս աղմկահարույց սպանության գործով դատարանում հնչող հայտարարությունները նոր հարցեր են առաջացնում, որոնց պատասխանները կարող են էական նշանակություն ունենալ գործի վերջնական հանգուցալուծման համար։
Հիշեցնենք, որ 2026 թվականի սեպտեմբերի 23-ին Մերձավանի իր նորակառույց տան մոտ սպանվել է Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանը։
Նրա հետ միասին սպանվել է քրեական ոստիկանության ծառայող Կարեն Աբրահամյանը։
Հիշեցնենք, որ հանցագործությունը կատարելու կասկածանքով 2025–ի սեպտեմբերի 26–ին ձերբակալվել է Նարեկ Օհանյանը, որը Մերձավանի նախկին համայնքապետ, ՔՊ-ական Մհեր Ախտոյանի հորաքրոջ որդին է և այս տարվա փետրվարին Մերձավանում սպանված Գրիգոր Օհանյանի եղբայրը։
Սեպտեմբերի 28-ին երկրորդ անձն է ձերբակալվել, որը խոստովանել է, որ ինքն է կատարել սպանությունը, հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք հրազենը։
Սպանությունը կատարելու համար կալանավորված է Գեւորգ Հարությունյանը։
Տեսանյութը ստորև․


