Մամուլ

Երևանում Mercedes ML500-ը վրաերթի է ենթարկել 71-ամյա տղամարդու․ վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Երևանում Mercedes ML500-ը վրաերթի է ենթարկել 71-ամյա տղամարդու․ վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ ապրիլի 7-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։30-ի սահմաններում 47-ամյա Մ․ Նիկոլաշվիլին իր վարած Mercedes ML500 մակնիշի ավտոմեքենայով Վրացական 4-րդ նրբանցքի 7-րդ շենքի հարևանությամբ վրաերթի է ենթարկել հետիոտն՝ 71-ամյա Ա․ Այվազյանին։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, օգնել է օպերատիվորեն ժամանած բժիշկներին՝ վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն։

Տեղում տարածքը սահմանազատել և հերթապահություն են իրականացրել նույն վաշտի ավագ պարեկ Ռազմիկ Ղարիբյանն ու կրտսեր պարեկ Արմեն Մարտիրոսյանը։ 

Դեպքի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։ 

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ Վարոդը ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ։

Վրաերթի ենթարկվածի կյանքին էլ վտանգ չի սպառնում։

Կիսվել էջում