Մամուլ

«Եթե մարդիկ կարծում են, որ ԱՄՆ ներկայացուցիչների պալատը երկու ժամ զբաղեցնելը խաղ ու պար է, թող իրենք գնան անեն». Կիրո Մանոյան

«Եթե մարդիկ կարծում են, որ ԱՄՆ ներկայացուցիչների պալատը երկու ժամ զբաղեցնելը խաղ ու պար է, թող իրենք գնան անեն»։

«296 բանաձևի համաձայն՝ ԱՄՆ-ն պետք է պատշաճորեն ոգեկոչի Հայոց ցեղասպանության զոհերին, որ ԱՄՆ-ն չպետք է հանդուրժի Հայոց ցեղասպանության ժխտումը և մասնակից դառնա դրան և երրորդ՝ անհրաժեշտ է աշխատանք տանել, որ Հայոց ցեղասպանության մասին դասավանդվի դպրոցներում»,- անդրադառնալով ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի՝ ձայների ճնշող մեծամասնությամբ Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 296 բանաձևի ընդունմանը՝ «Փաստարկ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսպիսի կարծիք հայտնեց ՀՅԴ Բյուրոյի անդամ, Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:

Ըստ Կիրո Մանոյանի՝ այս բանաձևն ավելի շատ ունի քաղաքական, քան իրավական արժեք, քանի որ 35 տարի պայքար էր մղվում, որ այս բանաձևը դրվի քվեարկության. «Վերջին անգամ ԱՄՆ ներկայացուցիչների պալատում բանաձևը քվեարկության դրվել էր լիագումար նիստի ժամանակ՝ 1985 թվականին, բայց դրանից հետո ակտիվացել են Թուրքիայի ջանքերը, ԱՄՆ գործադիր իշխանությունը հաճախ խոչընդոտել է, որ օրենսդիրը նման բանաձևեր չորդեգրի, և 1984-ից սկսած բանաձև չի քվեարկվել, չի բերվել-հասցվել քվեարկության ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում: Այս իմաստով էլ է պատմական բանաձևի ընդունումը»:

Հիշեցմանը՝ քննարկում են, թե այլ բանաձև պետք է ընդունվեր, մեկ այլն է ընդունվել, Կիրո Մանոյանն արձագանքեց և պարզաբանեց. «Այս բանաձևը, որ որդեգրվեց, 296 բանաձևն էր: Բայց նախորդ օրը համապատասխան հանձնաժողովը քննարկում էր, թե ինչպես պետք է որդեգրվի, պետք էր, որ լիագումար նիստն էլ նման որոշում ընդուներ: 655-րդ բանաձևը դա է, թե ոնց պետք է քվեարկվեր: Նախ դրա համար եղավ քվեարկություն, այն ուղիղ գծով բաժանված էր՝ ըստ քաղաքական կուսակցությունների:

Դեմոկրատները կողմ էին, Հանրապետականները համաձայն չէին, բայց դա ավելի շուտ քաղաքական առևտուր էր»: Այն մարդկանց, որոնք թերագնահատում են բանաձևի արժեքը, Կիրո Մանոյանն այսպես բնութագրեց. «Անշուշտ, հենց մեզ մոտ էլ կան ցինիկներ, որ ասում են, թե բանաձևն արժեք չունի, իզուր ճիգ են թափել: Նրանք թող գնան իրենց հասկացած ձևով իրենց աշխատանքը տանեն: Բայց պիտի ընդունել, որ աշխարհի գերհզոր պետություններից մեկի խորհրդարանի երկու պալատներից մեկը առնվազն երկու ժամ տրամադրեց երեկ այս հարցին:

Եթե մարդիկ կարծում են, որ ԱՄՆ ներկայացուցիչների պալատը երկու ժամ զբաղեցնելը խաղ ու պար է, թող իրենք գնան անեն: Սա հացուպանիրի հարց չի լուծելու, բայց նաև քաղաքական ազդեցության հարց է: Ընդհանրապես սա ամերիկյան համայնքի, Հայ Դատի քաղաքական ուժի ցուցադրության հարցն էր»:

Հարցին՝ բանաձևը ենթադրո՞ւմ է, որ խնդիրն արդեն կարող է Սենատ տեղափոխվել, Կիրո Մանոյանը պատասխանեց. Օրինագիծ չէ, բանաձև է, այնպես չէ, որ ինքնաբերաբար կգնա Սենատ, բայց Սենատում արդեն ներկայացված է: Սենատում կա թիվ 150 բանաձև, որ նույն բանն է ասում, և կարևորն այն է՝ դա կմղի Սենատի անդամներին, որ իրենք ևս այս բանաձևը առաջ տանեն և չթողնեն, որ այդպես մնա Սենատի օրակարգի ցանկում: Կարող է քաղաքական մթնոլորտ էլ ստեղծել այս բանաձևը»:

Աղբյուր՝ aravot.am

Կիսվել նյութով