Կոչ ենք անում սպասել. ինչ հայտարարություն է տարածել ԿԸՀ-ն
Ներկայացնում ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հայտարարությունը․
Հարգելի՛ քաղաքացիներ, ԶԼՄ-ներ, դիտորդներ, ընտրությունների մասնակից կուսակցություններ/դաշինքներ․
«Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 95-րդ հոդվածի համաձայն՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն օրենսգրքի 75-րդ հոդվածով սահմանված կարգով և ժամկետում՝ հունիսի 14-ին, ամփոփում է Ազգային ժողովի հերթական ընտրությունների արդյունքները և ընդունում հետևյալ որոշումներից մեկը․
- Ազգային ժողով ընտրվելու և մանդատների բաշխման մասին․
- Ազգային ժողովի պատգամավորների մանդատների նախնական բաշխման մասին․
- առանձին ընտրական տեղամասերում վերաքվեարկություն նշանակելու մասին․
- Ազգային ժողովի ընտրություններն անվավեր ճանաչելու և վերաքվեարկություն նշանակելու մասին․
- Ազգային ժողովի ընտրությունների վերաքվեարկությունն անվավեր ճանաչելու մասին, որի դեպքում Հանրապետության նախագահը նշանակում է Ազգային ժողովի նոր հերթական ընտրություններ։
Այս պահին իրավիճակի վերաբերյալ ԿԸՀ պաշտոնական ցանկացած մեկնաբանություն կարող է ընկալվել որպես կանխակալ կարծիք, ուստի կոչ ենք անում սպասել հունիսի 14-ի քվեարկության արդյունքների վերջնական ամփոփմանը։
Նիստը հեռարձակվելու է ուղիղ եթերով, բաց է լինելու նաև լուսաբանման համար (այդ թվում՝ այն սուբյեկտների համար, որոնք ԿԸՀ նիստերին ներկա գտնվելու իրավունք ունեն)։ Նիստից անմիջապես հետո ԿԸՀ նախագահը հանդես կգա մամուլի ասուլիսով։


