Ազատի գործով մեղադրյալ Եղիշե Հակոբյանի վերաբերյալ դատարանը նոր որոշում կայացրեց
Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով մեղադրյալ Եղիշե Հակոբյանի կալանքը երկարաձգվեց ևս երեք ամսով։
Համապատասխան որոշումը հրապարակվել է այսօրվա դատական նիստի ընթացքում։
Հիշեցնենք, որ 2023 թվականի հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել էր 15 ժամկետային զինծառայող, ևս 7-ը տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց։
Ըստ մեղադրանքի՝ Եղիշե Հակոբյանը, զբաղեցնելով ՀՀ ՊՆ 75937 զորամասի ինժեներական ծառայության սպայի պաշտոնը, խախտել է ավտոբենզինի հետ վարվելու անվտանգության կանոնները։
Քննության տվյալներով՝ նա ավտոբենզին է օգտագործել Ազատ գյուղում տեղակայված ինժեներասակրավորային վաշտի կացարանում շահագործվող վառարանը վառելու նպատակով, ինչի հետևանքով բռնկվել է հրդեհը։
Մեղադրանքի համաձայն՝ հրդեհի հետևանքով զոհվել են նույն վաշտի ժամկետային զինծառայողներ՝ կրտսեր սերժանտներ Արամ Մանուկյանը, Վոլոդյա Ներսիսյանը, Պավլիկ Աբազյանը, Միշա Դումիկյանը, ինչպես նաև շարքայիններ Գոռ Մարտիրոսյանը, Ռոստոմ Ասրյանը, Մուշեղ Համբարչյանը, Տարոն Ղարիբյանը, Դավիթ Սարգսյանը, Հրաչյա Գրիգորյանը, Նարեկ Ավագյանը, Գագիկ Բարսեղյանը, Հայկ Կիրակոսյանը, Սերգեյ Կևորկովը և Համլետ Դավթյանը։
Տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ էին ստացել ժամկետային զինծառայողներ Գարուշ Սարգսյանը, Լևոն Խառատյանը, Ժիրայր Սահակյանը, Ռադիկ Մաթևոսյանը, ինչպես նաև Եղիշե Հակոբյանը։


