Մամուլ

Էքսկուրսիայից հետո թմրանյութի ազդեցության տակ հիվանդանոց տեղափոխված 12-ամյա երեխան արդեն տանն է․ տնօրենը մանրամասներ է հայտնել

Թմրանյութի հետեւանքով հիվանդանոց տեղափոխված 12-ամյա դպրոցականը հետո ծնողի ուղեկցությամբ վերադարձել է տուն։

Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել է Օրգովի Արբի Թրպանճյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Էդգար Չաթոյանը։

Հիշեցնենք, որ Աշտարակ համայնքի Օրգով գյուղի Արբի Թրպանճյանի անվան միջնակարգ դպրոցի 12-ամյա աշակերտը դպրոցական էքսկուրսիայից հետո հայտնվել էր հիվանդանոցում։

«Ձեռքդ տուր» համայնքային զարգացման հասարակական կազմակերպության նախագահ Կարինե Թորոսյանի խոսքով՝ երեխայի օրգանիզմում հայտնաբերվել է թմրամիջոց։

Չաթոյանի փոխանցմամբ՝ երեխաները մայիսի 29-ին մասնակցել են էքսկուրսիայի դեպի Կարին գյուղում գործող APT ընկերություն։

Էքսկուրսիային մասնակցել են 21 աշակերտ և 7 ուսուցիչ։

«Տվյալ երեխան ծնողի հետ վերադարձել է տուն։ Ժամեր անց՝ ժամը 21:50-ին, ծնողը զանգահարել է դասղեկին և հայտնել, որ երեխան իրեն վատ է զգում։

Հաջորդ օրը նրան տեղափոխել են հիվանդանոց։ Երեկվա դրությամբ երեխան արդեն տանն է»,– ասել է տնօրենը։

Նրա խոսքով՝ դեպքի մասին տեղեկանալուց հետո հրավիրել է բոլոր ուսուցիչներին՝ քննարկելու տեղի ունեցածը։

«Ուսուցիչների հետ զրույցից հետո պարզվել է, որ երեխաներին հյուրասիրել են լավաշ, պանիր և վարունգ։

Սակայն, եթե նույնիսկ ենթադրենք, որ խնդիրը կապված է եղել սննդի հետ, դժվար է բացատրել, թե ինչու այն անդրադարձել է միայն մեկ երեխայի վրա»,– նշել է Չաթոյանը։

Նշենք, որ իրավապահ մարմիններն առայժմ չեն կարողացել պարզել, թե ով է դպրոցականին թմրամիջոց իրացրել։

Կիսվեք ձեր էջում